Այսօր իր տարեդարձն է նշում «Լիբերալ բլոգը»: Բլոգի ղեկավար Անի Սմբատյանը շնորհավորելով ընթերցողներին` ցանկանում է, որ միշտ ակտիվ լինեն, գրեն, կազմակերպեն առողջ քննարկումներ և ինչո՞ւ չէ` հանդես գան նոր գաղափարներով: «Առավոտ երիտասարդական»-ը նույնպես շնորհավորում է բլոգի անձնակզմին, մաղթում ենք անսպառ եռանդ ու նորանոր հաջողություններ:
Անիից իմացանք, որ տարեդարձի հետ կապված կլինեն անակնկալներ. Ակտիվ ընթերցողները կստանան բանկի քարտեր` մեկ տարվա սպասարկման գումարը վճարված:
«Բլոգ բացելու գաղափարը եղբորինս է եղել»,-ասում է Անին: Նախատեսել են, որ այն լինի մի հարթակ, որտեղ ցանկացած ոք կարող է գրել: Այդպես էլ եղել է: Այսօր համագործակցում են մոտ 20 բլոգերի հետ: Բլոգը թեմատիկ սահմանափակումներ չունի, այնտեղ գրում են այն ամենի մասին, ինչը հրատապ է ու հետաքրքիր: Բազմաբաժին է` ժամանցայինից մինչև հոգևոր, ֆոտոպատմությունից մինչև գրական անկյուն:
«Ցանկացած մարդ կարող է իր անկյունն ունենալ լիբերալում: Մենք տալիս ենք նման հնարավորություն բոլորին»,- ասում է բլոգերը: Բլոգն էլ Անիին էլ տալիս է արտահայտվելու, իր հետ կատարվածը գրելու հնարավորություն: Դրա միջոցով է, որ ձեռք է բերել շատ ընկերներ: Թեև բլոգում բոլորը երիտասարդ են, սակայն իրենց գրառումները կհետաքրքրեն ոչ միայն երիտասարդներին, այլև մեծահասակներին, նրանք կկարողանան ստանալ իրենց հուզող շատ հարցերի պատասխաններ: Լիբերալ բլոգում չեն ընդունում «Click»-ի համար գրող բլոգերներին: Անիի կարծիքով մեկ տարվա ընթացքում իրենք կարողացել են գտնել իրենց ընթերցողներին, որոնց թիվն օրեցօր ավելանում է: Այժմ աշխատում են բլոգի արտաքին փոփոխության և տեխնիկական զարգացման վրա:
Արամ Արարատյան