Այսօր առավոտից Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ հավաքվում էին տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, կուսակցությունների երիտթեւերի անդամներ՝ իրենց երախտագիտությունը հայտնելու Ֆրանսիային՝ Սենատի երեկ ընդունած օրենքի համար, որով քրեականացվեց Ցեղասպանության ժխտումը: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, ԵՊՀ ուսանողներ, «Միասին» շարժում, ՀՅԴ երիտասարդական միություն, «Նիկոլ Աղբալյան» ուսանողական շարժում եւ այլն՝ նրանք բոլորը տարբեր պահերի, երբեմն էլ՝ միաժամանակ, գոչում էին՝ «Շնորհակալություն, Ֆրանսիա» «Vive la France!» եւ այլն: ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Վահան Վարդանյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ կտա այս օրենքի ընդունումը Հայաստանին, ըստ նրա՝ «Սա նոր իմպուլս եւ նոր տեմպ կտա մնացած բոլոր պետություններին, որ հետեւեն Ֆրանսիայի օրինակին»: