Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն անդրադառնալով Ջերմուկ քաղաքի մոտակայքում
«Գեոթիմ» ընկերության կողմից շահագործվելիք ոսկու հանքի շուրջ ծագած դժգոհություններին, ասաց, որ հանքն իր գործունեությամբ չի խոչընդոտելու Ջերմուկը որպես տուրիստական կենտրոն զարգացնելուն:
Ըստ նախարարի, հանքը շահագործվելու է ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչը բնությանը հասցվող վնասը հավասարեցնում է գրեթե զրոյի: Տիգրան Դավթյանի խոսքերով, ինքը կողմ է, որ հանքը շահույթ բերի պետությանը. «Հարցն այն չէ, թե մեր ռեսուրսները կօգտագործվեն, թե ոչ, հարցն այն է, թե ինչպես դրանք կօգտագործվեն»:
Պարոն նախարարն ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու 2012-ին իրենց ոլորտի գերակա ուղղությունները: Տիգրան Դավթյանի տվյալներով, ոլորտի 11 ուղղությունների համար՝ ճարտարագիտական, դեղագործական, կոնյակագործական եւ այլն, մշակվել են ռազմավարություններ:
Կարդացեք նաև
Նախարարը նաեւ հայտնեց, որ վարչապետին կից արդյունաբերական խորհուրդ է ստեղծվելու, որը կհանդիսանա ռազմավարության աշխատանքները համակարգող բարձրագույն մարմին:
Ինչ վերաբերում է Եվրոպական շուկա հայկական ապրանքները արտահանելուն, ապա, Տիգրան Դավթյանը հավաստիացրեց, որ Հայաստանն այդ ռեսուրսներն ունի. «Հարցն այն է, որ հայկական ապրանքանիշերը ճանաչվեն: Օրինակ՝ կոնյակի պարագայում բրենդի կճանաչվի թե կոնյակ, կարեւորը ապրանքանիշն է՝ ասենք ինչպես Արարատը»:
Անուշ ԽԵՉՈՅԱՆ