Ֆրանսիայի Սենատում երեկ ընդունված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը կարեւոր է ոչ միայն Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների համար, այլեւ Հայոց Ցեղասպանության միջազգային դատապարտման համար: Այսօր այս մասին, ՀՀԿ գրասենյակում ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով. «Ֆրանսիան ցույց տվեց, որ հավատարիմ է համամարդկային արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը ու օրինակ կծառայի մյուս առաջադեմ երկրների համար, որպեսզի բոլորը գիտակցեն, որ հանցագործության , ցեղասպանության ժխտումը նույնքան մեծ հանցագործություն է, որքան ցեղասպանությունն իրագործելը»:
Պարոն Շարմազանովը նկատեց, որ վերջին շրջանում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերն ավելի շատ էին, քան նախորդ տարիներին. «Բոլոր քաղաքական ուժերի, մեր հասարակության, Սփյուռքի մեր եղբայրների ու քույրերի միասնական պայքարը պետք է շարունակվի այնքան ժամանակ , երբ Թուրքիան, ի վերջո, ճանաչի Հայոց Ցեղասպանությունը»:
ԱԺ փոխնախագահը, անդրադառնալով երեկ Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, ասաց, որ համատեղ հայտարարությունը համահունչ էր հայկական կողմերի՝ նաեւ Արցախի դիրքորոշմանը. «Որովհետեւ հայկական կողմերը մշտապես խոսել են խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Ադրբեջանը, բավականին վերջերս, իր նախագահի շուրթերով խոսեց, թե խնդիրն ունի երկու լուծում՝ ռազմական կամ խաղաղ, բայց տեսանք, որ ամրագրվեց այն հարցը, որ խնդիրն ունի բացառապես խաղաղ լուծում»:
Պարոն Շարմազանովի խոսքերով, Ադրբեջանը, դառնալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ, ցանկանում էր հայկական հիմնախնդիրը տեղափոխել այլ հարթակներ, բայց. «Փաստաթղթում հստակ նշվեց եւ Ադրբեջանն էլ ստորագրությամբ միացավ, որ խնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահությամբ: Փոխադարձ երկխոսությունը ինտելիգենցիայի միջեւ եւս խոսում է այն մասին, որ Հայաստանը միշտ ասել է, որ կառուցում ենք ժողովրդավարություն, նորմալ հարաբերություններ, եւ հենց մեր հասարակությանը չենք պատրաստում գնալ պատերազմի, իսկ Ադրբեջանը քարոզում է քաղաքականություն, որը հիմնված է ռասիզմի եւ հայաֆոբիայի վրա: Չնայած փաստաթղթով բեկումնային առաջընթաց չեղավ, որովհետեւ Ադրբեջանը հայտնի կենդանու համառությամբ իրականացնում է ապակառուցողական քաղաքականություն, բայց հուսով եմ, որ պրեսինգը կլինի այնքան, որ Ադրբեջանի խոսքը ու գործը իրարից չեն տարբերվի»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ