Պարարտանյութերի շուկայում կատարված մոնիտորինգի արդյունքում այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) «Քեթրին գրուպ» ընկերությանը տուգանեց 10 միլիոն դրամ:
Նշենք, որ դեռեւս նախորդ տարվա մայիս ամսից հանձնաժողովը խիստ վերահսկողություն է սահմանել պարարտանյութերի շուկայում, ինչից հետո վերոնշյալ ընկերության նկատմամբ հարուցվել էր վարչական վարույթ:
Հանձնաժողովի ուսումնասիրություններով պարզվել է, որ ազոտական պարարտանյութերի շուկայում «Քեթրին գրուպը» չարաշահել է գերիշխող դիրքը:
Կարդացեք նաև
Պարարտանյութի մանրածախ առեւտրի կետերում, այլ կերպ ասած՝ վերավաճառողների մոտ արձանագրվել էր մինչեւ անգամ 10 հազար դրամ գին՝ 1 պարկի (50 կգ ) դիմաց, այն դեպքում, երբ, ըստ փաստաթղթերի, ազոտական պարարտանյութի 1 պարկի ձեռքբերման գինը կազմել է 6200-6400 դրամ:
Ըստ հանձնաժողովի, շուկայում գերիշխող 3 տնտեսվարողները հրավիրվել են հանձնաժողով, տեղեկացվել ուսումնասիրության արդյունքներին և համաձայնել, որ 1 պարկի դիմաց 7 հազար դրամ գինը բավարար շահութաբեր է և պատրաստ են ողջ տարին գյուղացիական տնտեսություններին պարարտանյութ մատակարարել այդ գնով:
Ըստ «Քեթրին գրուպից» ստացված պարզաբանումների, տեղի է ունեցել ապրանքի ձեռքբերման գնի աճ, ինչպես նաեւ գնի վրա ազդել են լրացուցիչ տրանսպորտային ծախսերը: Սակայն նշվածներից եւ որեւէ մեկը փաստաթղթերով չի հիմնավորվել: Բացի այդ, Հանձնաժողովը ստուգումների միջոցով պարզել է, որ այն ժամանակահատվածում, երբ պարարտանյութը վաճառվել է բարձր արժեքով, «Քեթրին գրուպը» ներմուծում չի իրականացրել, այլ վաճառել է պահեստում առկա մնացորդները, որոնք ձեռք էր բերել ավելի ցածր գնով:
Նշենք, որ «Քեթրին գրուպը» Հանձնաժողովի տեսադաշտում է հայտնվում առաջին անգամ: