Հունվարի 19-23-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացավ «Miss Grandma Universe-2012» գեղեցկության, տաղանդի միջազգային մրցույթ- փառատոնը, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած տատիկներ: Այդ հեղինակավոր մրցույթում առաջին անգամ իր մասնակցությունն ունեցավ նաեւ Հայաստանը, որը ներկայացնում էր երեք երեխաների մայր եւ երկու թոռնիկների տատիկ Լուիզա Աղաջանյանը: Մրցութի մասնակից հայազգի տատիկ Լուիզան 51 տարեկան է, նրան «Miss Grandma Universe-2012» մրցույթին ներկայացրել է «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգան»՝ նախագահությամբ Աշոտ Խաչատրյանի:
«Առավոտի» հետ զրույցում Աշոտ Խաչատրյանը հայտնեց, որ արդեն երեք տարի է, ինչ կազմակերպվում է տատիկների գեղեցկության մրցույթը: Հայաստանը ներկայացնող տատիկի՝ Լուիզա Աղաջանյանի մասին էլ ասաց, որ նա Ալավերդի քաղաքից է, մասնագիտությամբ մանկավարժ, պարուսույց: Լուիզան Լոռու եւ Տավուշի մարզերում կազմակերպում է մանկական գեղեցկության նորաձեւության մրցույթ-փառատոներ:
Ա. Խաչատրյանի խոսքով, Լուիզա Աղաջանյանը հեշտությամբ չի համաձայնել մասնակցել մրցույթին, նրան համոզել են, ու քանի որ մրցույթի պայմաններից ելնելով մասնակից տատիկները, ինչպես մյուս մրցույթների դեպքում է՝ լողազգեստներով դուրս չէին գալու բեմ, այդ պատճառով էլ մեր տատիկը տեղի է տվել:
Կարդացեք նաև
«Miss Grandma Universe-2012» մրցույթի կանոնների համաձայն՝ առաջին փուլում մասնակիցները բեմ են դուրս եկել ազգային տարազներով: Հայաստանը ներկայացնող Լուիզան բեմ է դուրս եկել ճանաչված սիրիահայ դիզայներ Գեւորգ Շադոյանի զգեստով, ապա մասնակիցները ներկայացրել են խոհարարական արվեստ, ցույց տվել իրենց տաղանդը տարբեր ոլորտներում: Հայ տատիկը փառահեղ պար է ներկայացրել, ինչն էլ հիացրել է ժյուրիի անդամներին:
Վերջում մասնակիցները բեմ են դուրս եկել երեկոյան զգեստներով:
Հեղինակավոր ժյուրին մեր տատիկին շնորհել է առաջին տեղը:
Լուիզա Աղաջանյանին պարգեւատրել են նաեւ Բուլղարիայի «Սոլնիչնի բերեգի» 7-օրյա ուղեգրով: Հայաստանը ներկայացնող Լ. Աղաջանյանը հայրենիք կվերադառնա այսօր:
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ