Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի չեմպիոն դառնալը դժվարանում է

Հունվար 24,2012 13:46

Հայաստանն ունեցավ շախմատի տղամարդկանց եւ կանանց նոր չեմպիոններ՝ Տիգրան Լ. Պետրոսյանն ու Մարիա Կուրսովան: Եթե Տիգրանն այդ կոչման համար պայքարում էր մի քանի տարի շարունակ, Մարիան, որ անցած տարի է անդամագրվել ՀՇՖ-ին, առաջին իսկ փորձից հասավ հաջողության:

Երկու առաջնություններում էլ պայքարն ընթանում էր ոչ միայն մեդալների, այլեւ հավաքականների մեկական թափուր տեղերը համալրելու իրավունքի համար: Իսկ քանի որ Կուրսովան իր վարկանիշով արդեն իսկ կանանց ընտրանու հիմնական կազմում է, այստեղ միակ ուղեգիրը բաժին հասավ 2-րդ տեղն զբաղեցրած միջազգային վարպետ, երեւանցի Աննա Հայրապետյանին:

Երեկ «Առավոտը» զրուցեց նախ Աննայի, ապա նաեւ Տիգրանի հետ:

– Աննա: Գո՞հ ես քո խաղից եւ արդյունքից:

– Այո, գոհ եմ: Առաջին անգամ եմ 2-րդ տեղ գրավում եւ ընդգրկվում հավաքական: Երեք տարի առաջ հավասար միավորներով 2-3-րդ տեղերը բաժանել էի Սիրանուշ Անդրիասյանի հետ, սական այն անգամ անհատական գործակիցներով բավարարվեցի բրոնզե մեդալով: Այս տարի միավորներ բաժանելու հարց չեղավ: Ավելի վստահ էի:

– Այս առաջնությունը մակարդակով նախորդներից տարբերվո՞ւմ էր:

– Անշուշտ: Այս մեկն ավելի ուժեղ կազմ ուներ՝ կոչում ունեցողներն ավելի շատ էին:

– Դու մեր կանանց հավաքականը համալրելու իրավունք նվաճեցիր: Դա քեզ ի՞նչ է տալիս:

– Շատ բան: Եվ պատասխանատվություն եւ հնարավորություններ: Եթե հավաքականում ես, հավաքներ էլ կան, մրցաշարեր, որոնք փորձ ձեռք բերելու լավ հնարավորություններ են:

– Այս տարի ի՞նչ մրցումներ կան առջեւում:

– Եվրոպայի անհատական առաջնությունը՝ մարտ ամսին եւ համաշխարհային օլիմպիադան՝ օգոստոսին: Երկուսն էլ կայանալու են Թուրքիայում:

– Ասացիր, որ այս տարի առաջնությունն ավելի ուժեղ կազմ ուներ: Դրա «մեղավորները» Մարիա Կուրսովան ու Եվգենյա Դոլուխանովան էին: Մարիան հավաքականի հիմնական անդամ է: Եվգենյան այս անգամ ձախողվեց, բայց հաջորդ անգամ ամեն ինչ անելու է այդ միակ ուղեգիրը նվաճելու համար: Դրսից եկած շախմատիստների ներկայությունը չի՞ խանգարի Հայաստանում կանանց շախմատի զարգացմանը, եթե նկատի ունենանք, որ այդ միակ տեղին հավակնողները շատանում են, այն էլ՝ պատրաստի կադրերով:

– Ես այդպես չեմ մտածում: Ընդհակառակը, պայքարն ավելի հետաքրքիր է դառնում ու հաջողության հասնելու համար պետք է ավելի շատ ու լավ մարզվել:

Մեր հաջորդ զրուցակիցը Տիգրան Լ. Պետրոսյանն էր:

– Հետաքրքիր է, որ գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, որ շախմատային օլիմպիադայի չեմպիոն է, առաջին անգամ դարձավ թիվ մեկը Հայաստանում: Ի՞նչ զգացողություն ունես:

– Սկսեմ նրանից, որ հպարտություն եմ ապրում, որ վերջապես Հայաստանի չեմպիոն դարձա: Հաճելի զգացում է, եւ առայժմ վայելում եմ: Իսկ Հայաստանի առաջնություններում միշտ ինչ-որ բան պակասել է. մրցաշարի վերջնամասում միավոր էի կորցնում կամ վերջին պարտիայում պարտվում էի: Իսկ օլիմպիական չեմպիոն դառնալու տարում հավաքական ընդգրկվել էի անհատական բարձր գործակցի շնորհիվ:

– Ամեն ինչ վճռվեց վերջին տուրում, որում խաղում էիր արդեն նախկին չեմպիոն եւ միանձնյա առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանի հետ: Քեզ օդի պես մեկ միավոր էր պետք ու, ասես, պատվերով հաղթեցիր:

– Այո: Շատ լարված պայքար էր: Ավելի շատ ոչ թե շախմատային, այլ՝ նյարդերի: Ես ավելի դիմացկուն գտնվեցի՝ պարզվեց, որ իմ նյարդերն ավելի ամուր էին: Լարվածությունը շարունակվեց մինչեւ վերջ եւ այդ ժամանակ փոքրիկ առավելությունը հաջողվեց վերածել մեծի:

– Եվրոպայի անհատական առաջնությունն ու օլիմպիադան այս տարվա գլխավոր մրցաշարերն են: Դրանցից բացի, այլ մրցումների մասնակցելո՞ւ ես:

– Այո: Եվ մի քանիսն արդեն պլանավորված են՝ Ֆրանսիայում, եվրոպական մի քանի երկրներում, Դուբայում: Մի քանիսն էլ դեռ կորոշվեն:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Լուսանկարները`Chess-news.ru-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031