Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ եմ, երբ Հայաստանից բարձրակարգ երաժիշտ է հեռանում»

Հունվար 24,2012 13:40

ՀՊՖՆ գեղարվեստակլան ղեկավար Էդուարդ Թոփչյանը՝ իր իսպանական հյուրախաղերի եւ հայկական իրականության մասին:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում փետրվարի 3-ին կկայանա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) այս տարվա առաջին համերգը: Իբրեւ մենակատար հանդես կգա Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Մարիաննա Ուզանկիչյանը, ով մեծանուն օպերային երգչուհի Հայկանուշ Դանիելյանի ծոռնուհին է, հայ դասական երաժշտարվեստի երախտավորներ՝ դաշնակահարուհի Մարիաննա Հարությունյանի եւ շեփորահար Միքայել Խաչատրյանի թոռնուհին:

ՀՊՖՆ-ի այս տարվա համերգաշարը փոքր-ինչ ուշացումով սկսելը հավանաբար կապված էր գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի Իսպանիա կատարած համերգային շրջագայության հետ: Մյուս կողմից էլ՝ նվագախմբում Ամանորի տոներից հետո անցկացվում է երաժիշտների ունկնդրում:

«Առավոտի» հետ զրույցում Էդ. Թոփչյանը տեղեկացրեց, որ հունվարին ինքը ղեկավարել է Տոլեդո քաղաքի նորաստեղծ Premium Symphony Orchestra-ի առաջին ելույթը: Հարցին՝ ինչու է նորաստեղծ նվագախմբի առաջին ելույթը վստահվել իրեն եւ արդյոք կոլեկտիվը չունի՞ գեղարվեստական ղեկավար կամ գլխավոր դիրիժոր, մեր զրուցակիցը հայտնեց. «Այդ պաշտոնում է իսպանացի ճանաչված դիրիժոր Վիսենտե Բարասեսը, ում հրավերով էլ մեկնել էի: Սա իմ առաջին համերգային այցը չէր այդ երկիր: Առաջարկ եմ ստացել նաեւ փետրվարից 2 ամսով մի քանի ծրագիր պատրաստել նվագախմբի հետ, բայց հասկանալի պատճառով հրաժարվեցի՝ ուզում եմ մնալ մեր Ֆիլհարմոնիկի հետ…: Տոլեդոյում այս պահին ընթանում են նոր սիմֆոնիկ դահլիճի կառուցման աշխատանքներ: Այն նախատեսված է շահագործման հանձնել մարտի վերջին եւ այս դահլիճի բացման համերգին դարձյալ ինձ են հրավիրել: Ի դեպ, հայտնի երաժշտական քննադատներից մեկը՝ Մանուել Միլան դե Լաս Հեռասը գրել է, թե կոլեկտիվը միանշանակ մեծ պոտենցիալ ունի եւ Թոփչյանի հետ աշխատանքի դեպքում հաջողություններն անխուսափելի են…  Իսկ թե ինչու’  ինձ վստահվեց ղեկավարել նվագախմբի առաջին բեմելը, ինձ համար էլ է անհայտ»:»

Իսպանիայում սիմֆոնիկ նվագախմբերի պակաս կարծես չի զգացվում: Միայն մայրաքաղաքում գործում են Մադրիդի սիմֆոնիկ եւ համայնքային նվագախմբերը: Թե ինչու կարիք եղավ այս ոչ մեծ՝ Տոլեդո քաղաքում եւս մեկ սիմֆոնիկ նվագախմբի ստեղծումը, Էդ. Թոփչյանը հայտնեց հետեւյալը. «Premium Symphony Orchestra-ի հիմնումը աղմուկ էր բարձրացրել: Պատճառը՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից անմասն չմնացող Իսպանիայում եւս մեկ՝ այն էլ բարձր աշխատավարձերով նվագախմբի հիմնումն էր: Այստեղ արտիստները վարձատրվում են ամսական 3-5 հազար եվրո: Պատկերավոր լինելու համար նշեմ, որ դա ավելի բարձր է, քան Մադրիդի հանրահայտ սիմֆոնիկ նվագախմբի կամ Teatro Real Madrid օպերային թատրոնի արտիստների աշխատավարձը»:

Էդ. Թոփչյանը հիացմունքով խոսեց նվագախմբի երաժիշտների մասին, մասնավորապես նշելով, որ փողայինները ֆանտաստիկ են, հարվածայինները լավն են, լարայինների մեջ էլ կան լավերը: Հետաքրքրությանը, թե ինչպե՞ս կդիտվեր այն, որ Հայաստանի ֆիլհարմոնիկից ցանկություն հայտնեն աշխատել Տոլեդոյի նվագախմբում, թեկուզ հենց բարձր աշխատավարձից ելնելով, դիրիժորը պատասխանեց. «Դեմ եմ, երբ Հայաստանից բարձրակարգ երաժիշտ է հեռանում՝ բարձր աշխատավարձի ակնկալիքով: Այսօր մեր Ֆիլհարմոնիկը գտնվում է Հայաստանի նախագահի ուշադրության կենտրոնում, ունենք «Վիվա Սել ՄՏՍ»-ի նման հովանավոր: Ընդունենք, թե այնտեղ մի քանի դրամով բարձր է աշխատավարձը, դա չի նշանակում, թե պետք է ազգովի հեռանանք Հայաստանից: Կրկնում եմ՝ Ֆիլհարմոնիկը ֆինանսական մասով վատ օրեր չի ապրում ու հավատացնում եմ, որ էլ ավելի լավ կլինի…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031