Վերջին օրերին հայաստանյան ԶԼՄ-ներում ամենատարածված թեմաներից մեկը Աբովյան փողոցի, ինչպես շատերն են անվանել՝ «էլիտար» կրպակների եւ խանութների ապամոնտաժումն է: Ինչպես տեղեկացվել է, դրանց տերերին տրվելու է կամ գուցե արդեն տրվել է փոխհատուցում: Իհարկե՝ լավ է, որ պետությունը մտածում է մարդու մասին եւ փոխհատուցում՝ նրան պատճառած վնասի համար, բայց, որքան գիտեմ, այդ փողոցում դժվար գտնվի մի խանութի կամ կրպակի տեր, որը շինթույլտվություն է ստացել օրինական ճանապարհով: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ նման թույլտվությունները տրվում էին (գուցե նաեւ՝ տրվում են) որոշակի ծանոթության կամ, ավելի ճիշտ՝ կաշառքի արդյունքում, քանի որ բոլորին էր տեսանելի, թե ինչպես է աղավաղվում քաղաքի ամենակենտրոնական փողոցներից մեկի ճարտարապետական տեսքը: Ստացվում է, որ ժամանակին որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ հանուն իրենց գրպանի կամ սրան-նրան հաճոյանալու համար ի սկզբանե խախտել են օրենքը, իսկ այսօր փոխհատուցումը տրվելու է հարկատուներիս հաշվին: Գուցե ճիշտ կլիներ՝ այս ամենի մեղավո՞րը փոխհատուցեր, մանավանդ որ, դատելով «տուժողների» լռությունից, կարելի է ենթադրել, որ պատշաճ են փոխհատուցվել:
Զարմանալի ոչինչ չկա, քանի որ Աբովյան փողոցում խանութ կամ կրպակ ունեցողները, ըստ իս, սովորական «փոխհատուցվողներ» չեն, ինչպես «պետական գերակա շահից» տուժածները:
Ա. ԳԱՐԵԳԻՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ