Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Տեր-Սահակյանն իր դատավճիռը կբողոքարկի

Հունվար 24,2012 13:35

Հունվարի 24-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդապետյանի նախագահությամբ, նշանակվել է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի դիմումի քննությունը: Արմեն Տեր-Սահակյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Անժելա Կարապետյանը, սակայն, մեր տեղեկություններով, չի կարողանալու մասնակցել դատական նիստին՝ վատառողջ լինելու պատճառով:

Արմեն Տեր-Սահակյանը մեզ հետ հեռախոսային զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ 5 ամիս է՝ իր դիմումը դատարանում է (նշենք, որ դեռ անցյալ տարի գրավոր դիմել ենք ՔԿՀ՝ ցմահ ազատազրկվածի հետ հանդիպելու խնդրանքով, սակայն քրեակատարողական հիմնարկից մեր գրավոր խնդրանքը մերժելու կամ թույլատրելու մասին մինչ օրս չեն հայտնել-Ռ.Մ.): Ա. Տեր-Սահակյանը 14 տարի է, ինչ գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նա դատապարտվել էր պատժի առավելագույն չափի՝ զինված խմբի միջոցով ահաբեկություններ կատարելու համար: Արմեն Տեր-Սահակյանը հանրապետության ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի մերձավորագույն շրջանակներից էր, «Հայոց համազգային շարժում» կուսակցության ակտիվիստներից:

Արմեն Տեր-Սահակյանը ասաց նաեւ, որ գրավոր բաց նամակով դիմել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում ասվում է.

«Պարոն նախագահ, հեռուստացույցով տեսնելով 2011թ. դեկտեմբերի 22-ին Ձեր հանձնարարականները դատական իշխանության վերնախավին, իմ մոտ մեծ հույսեր առաջացան պետության եւ Ձեր անձի նկատմամբ: Վերջապես կունենանք արդարադատություն, որտեղ կգործի միայն օրենքի ուժն ու տառը, եւ՝ ոչ մի պատվեր:

Ես 14 տարի է, ինչ նստած եմ ցմահների խցում: Իմ նկատմամբ կատարվել է մեծ անարդարություն եւ օրենքի խախտումներ: ՀՀ քրօրի 34-104, 37-104 հոդվածներով ինձ կարող են դատապարտել տարիներով եւ ոչ թե առավելագույն պատժի չափով: Ես դիմում եմ Ձեզ՝ իմ անձի նկատմամբ արդարությունը վերականգնելու ակնկալիքով: Վստահ եմ, որ արդարությունը կհաղթի:

Դիմել եմ Ավան եւ Նոր Նորք  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին, որպեսզի իմ դատավճիռը համապատասխանեցնեն Քրօրի նոր փոփոխություններին, որն իրենից նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում կամ՝ ցմահ ազատազրկում:

Պարոն նախագահ, ես Ձեզնից խնդրում եմ, որպեսզի իմ գործը վերցնեք Ձեր անձնական հսկողության տակ, համապատասխանեցնեք նոր Քրօրին:

Շատ եմ հավատում Ձեր եւ Ձեր արդարամտությանը: Հավատում եմ, որ կվերադառնամ իմ ընտանիքի մոտ: Հուսով եմ, որ իմ խնդրանքը չեք մերժի, որի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031