Ինչի պատճառով ավել աշխատող չեն կարող պահել
Օրերս լրատվամիջոցներից մեկը հրապարակել էր, որ «Արմավիայի» սեփականատեր Միկա Բաղդասարովը պարտքերի պատճառով զանգվածային կրճատումներ է սկսել, եւ աշխատանքից ազատվել է անգամ գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը: Ըստ այդ տեղեկատվության՝ պարտքերը պատճառ են դարձել, որպեսզի ընկերության սեփականատերը «Արմավիան» վաճառի: Գնորդն էլ, լուրերի համաձայն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Այս ամենից հետո էլ Միկա Բաղդասարովը իբր որոշել է «Երեւանավիա» անունով նոր ավիաընկերություն բացել: Ասվածին որպես ապացույց բերվել էր վերջերս «Զվարթնոց» օդանավակայանի հետ «Արմավիայի» ունեցած խնդիրը, ըստ որի՝ «Զվարթնոցը» հրաժարվում էր սպասարկել «Արմավիայի» թռիչքները ավիաընկերության՝ օդանավակայանին ունեցած պարտքերի պատճառով:
Սակայն երեկ «Արմավիա» ընկերության նորանշանակ նախագահ Նորայր Բելլույանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ «Արմավիան» չի վաճառվում. «Այդպիսի բաներ ես կարդում եմ ինտերնետում, չեմ ուզում ուշադրություն դարձնել այդ ասեկոսեներին: Պարզապես մի բան գիտեմ, որ սեփականատերը չի ուզում վաճառել կամ միտք չունի առայժմ վաճառել ընկերությունը, ես դրան եմ հավատում, ուրիշ ոչ մի տեղեկություն չունեմ, թե ով եւ ինչպես է ուզում գնել»:
Ասաց, որ «Երեւանավիայի» մասին ընդհանրապես տեղեկություն չունի, բայց կարծում է՝ չկա այդպիսի ծրագիր: Անդրադառնալով իր՝ աշխատանքից ազատման մասին լուրերին՝ նա պարզաբանեց. «Ես չգիտեմ, թե որտեղից են այդ խոսակցությունները, մենք նույնիսկ մեկ վայրկյան չենք դադարել աշխատել: Իմ՝ ընկերության նախագահ դառնալու որոշումը կայացվել է դեկտեմբերի 5-ին, եւ որոշումից անմիջապես հետո ես անցել եմ իմ աշխատանքին: Հարց չի եղել, որ ինձ ազատեն աշխատանքից: Իմ նշանակման մասին տեղեկությունը չեմ հասկանում, թե ինչու է այդքան աժիոտաժ առաջացրել»: Նրա խոսքերով՝ դա ընդամենը կադրային փոփոխություն է. «Ես երկաթից չեմ, վեց ու կես տարի արձակուրդում չեմ եղել, չեմ կարող այս ամբողջ գործերը կատարել մենակ: Որոշում կայացվեց, որ պետք է բաժանել պարտականությունները: Այն ժամանակ, երբ ես գլխավոր տնօրենն էի, շատ էի մեկնում գործուղման, ստացվում էր, որ այստեղ մարդ չէր մնում: Հիմա, որպես նախագահ, զբաղվում եմ արտաքին գործերով, իսկ գլխավոր տնօրենը՝ Արմեն Ազնավուրյանը, պետք է զբաղվի այստեղի ներքին գործերով: Ընկերության ներսում արված փոփոխություն է, որ մեր աշխատանքի արդյունավետությունը լինի ավելի բարձր»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ «Արմավիայում» աշխատակիցներն իսկապե՞ս կրճատվում են, նա պատասխանեց. «Զանգվածային բառը չեմ ուզում նշել, բայց կրճատումներ եղել են, կան, կլինեն: Գիտեք, որ կրճատումներ լինում են բոլոր ընկերություններում՝ կապված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ: Մեզ մոտ մենք չենք կրճատում կրճատման համար, այլ կրճատում ենք այն մարդկանց, որոնք արդյունավետ չեն աշխատում: Կա լավ աշխատող եւ վատ աշխատող, վատ աշխատողը կրճատվում է, իսկ լավ աշխատողը՝ մնում»: Նա բացատրեց, որ ճգնաժամի ժամանակ ճիշտ չէ պահել 1000 հոգի աշխատող, եթե այդ նույն աշխատանքը կարող են անել 500 հոգի. «Հիմա ընկերությունն ունի 380 աշխատող, կրճատվել է 20%-ը»: Մեր այն հարցին, թե այդ ճգնաժամը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ ընկերությունում մնացած լավ աշխատակիցների աշխատավարձերը ուշացումով վճարվեն, պարոն Բելլույանը պատասխանեց. «Չնչին ուշացումներ միգուցե կան, բայց հիմնականում խնդիր չունենք: Այն մարդիկ, որոնք ազատվում են աշխատանքից, նրանք առաջնահերթ ստանում են աշխատավարձը, եւ մենք իրենց հետ խնդիր չունենք: Նշեմ նաեւ, որ շատերը ոչ թե կրճատվում են եւ ազատվում աշխատանքից, այլ ուղարկվում են արձակուրդ իրենց հաշվին, դա մեր առաջարկությունն է, որովհետեւ վաղը ճգնաժամը կվերջանա, մենք կընդլայնվենք, ու թռիչքները կավելանան, այդ մարդիկ երեւի հետ կկանչվեն իրենց աշխատանքին»:
Պարոն Բելլույանը կարեւորեց, որ բոլոր ավիաընկերությունների համար պարտք ունենալը նորմալ է. «Ամբողջ աշխարհում բոլոր ավիաընկերություններն այդպես են աշխատում. երբ քիչ ուղեւորահոսք է լինում, նրանք թռնում են պարտքերով, իսկ երբ գալիս է գարուն ու ամառ, երբ ուղեւորահոսքն ավելանում է, բոլոր պարտքերը մարվում են, եւ ավիաընկերությունները շարունակում են աշխատել: Ճգնաժամ եղավ բոլոր ավիաընկերություններում: Այս տարի հույս ունենք, որ 8-10%-ով կբարձրանա ուղեւորափոխադրումների քանակը»: Ինչ վերաբերում է նոր օդանավեր գնելուն, ապա, ըստ ընկերության նախագահի. «Բազմազանությունը մի գուցե այդքան էլ արդյունավետ չէ, բայց մեր դեպքում մի քիչ արդյունավետ եղավ այն առումով, որ եթե մենք միայն մեկ ընկերության հետ աշխատենք, նա մեզ կթելադրի, իսկ եթե կա երկրորդը, արդեն իրենց մեջ է գնում այդ մրցակցությունը: Եթե կան տարբեր ընկերություններ, մենք ավելի ենք կարողանում քաղաքականությունը մեր օգտին օգտագործել»:
ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ