Այսօր ՀՀ սահմանադրական դատարանում գրավոր ընթացակարգով սկսվեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուշեղ Շուշանյանի դիմումի քննությունը:
Շուշանյանը պաշտպանում է պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մահվան գործով տուժողի իրավահաջորդների շահերն ընդհանուր իրավասության դատարանում եւ վիճարկում է Քրեական դատավարության օրենսգրքի 59 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, 201 հոդվածի 1-ին մասի ՀՀ սահմանադրությանը համապատասխանելու հարցը:
Զեկուցողն էր ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանը, իսկ պատասխանողը՝ Ազգային ժողովի իրավաբանական ծառայության ներկայացուցիչ Անի Մխիթարյանը:
Փաստաբանը, տեղեկացրել էր, որ 2010թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Լեւոն Պետրոսյանին փոստով ուղարկվել է միջնորդություն, որով խնդրել են տուժող կողմին տրամադրել քրեական գործով ապացույց ճանաչված Արտակի նոթատետրի, ինչպես նաեւ թվով 9 տետրերում Արտակ Նազարյանի ձեռագրի ազատ նմուշների էջերի լուսապատճենները եւ սքանավորված տարբերակները` նոթատետրում առկա գրառումները՝ Արտակի կողմից կատարված լինելու հանգամանքը վիճարկելու նպատակով արտերկրում գործող ձեռագրաբանների մասնագիտական օգնությանը դիմելու համար:
Կարդացեք նաև
Սակայն քննիչի կողմից միջնորդությունը մերժվել է: Քննիչի որոշման դեմ բողոք է ներկայացվել ՀՀ զինվորական դատախազին, որով խնդրել են քննիչի որոշումը, որպես ոչ իրավաչափ, վերացնել եւ ցուցում տալ նրան տրամադրել պահանջված նյութերի լուսապատճենները եւ լուսանկարների կրկնօրինակները:
Դիմումատուի տեղեկացմամբ, 2010թ.դեկտեմբերի 6-ին ստացվել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի բաժնում քննվող բաժնի ավագ դատախազ Հ. Հարությունյանի 2010թ.դեկտեմբերի 2-ի թվագրությամբ որոշումը` բողոքը մերժելու մասին:
Դիմողի եւ նրա ներկայացուցիչների կողմից ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Լ. Պետրոսյանին ուղարկվել է միջնորդություն, որով խնդրել են ծանոթանալու համար տրամադրել դեպքի վայրի զննման արձանագրությունը, Ա. Նազարյանի հագուստի զննման արձանագրությունը` դրան կից հավելվածներով, ինչպես նաեւ տրամադրել այդ արձանագրությունների լուսապատճենները, առկայության դեպքում` դրանց կից սխեմաների լուսապատճենները եւ լուսանկարների կրկնօրինակները:
2010թ. նոյեմբերի 11-ին ստացվել է քննիչի որոշումը`միջնորդությունը մերժելու մասին:
Ընդհանուր իրավասության դատարանի 2010թ.դեկտեմբերի 30-ի որոշմամբ նշված երկու բողոքները քննելու համար միացվել են մեկ վարույթում եւ բողոքները մերժվել են: Դիմումատուի տեղեկացմամբ՝ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը պատճառաբանվել է հետեւյալ կերպ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն տուժողը իրավունք ունի ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել եւ գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություններ միայն նախաքննության ավարտման պահից: Ինչպես նաեւ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն նախաքննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ:
Ըստ փաստաբան Մ.Շուշանյանի հղումի՝ ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 18-րդ, 20-րդ, 23-րդ, 43-րդ հոդվածների, ինչպես նաեւ «Մարդու իրավունքների» հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին կետի 13-րդ հոդվածը խախտվել են, ինչը սակայն, դատարանի տրամաբանությամբ՝ այդպես չէ, քանի որ «քրեական գործի նախաքննությունն ավարտված չէ, այն դեռեւս շարունակվում է եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված երաշխիքները, նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիության վերաբերյալ դրույթները չեն հակասում սահմանադրական նորմերին եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային»:
Քրեական դատավարության օրենսգրքի 59 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի՝«նախաքննության ավարտման պահից» դրույթի եւ 201 հոդվածի 1-ին մասի`ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածին անհամապատասխանության մասին նորմը ՍԴ-ն ժ.13.00-ին համարեց ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ