Հնչող դժգոհությունների համաձայն՝ սկսել են համատարած հանրապետականացնել Շիրակի մարզի բուժհաստատությունների աշխատակիցներին:
Մի քանի օր է՝ «Առավոտը» ահազանգեր է ստանում այն մասին, որ ԱԺ հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի Գյումրիի գրասենյակի աշխատակից Յաշան մարզի առողջապահության վարչության հետ համատեղ սկսել է ցուցակագրել բուժհիմնարկների աշխատակիցներին: Յաշան առողջապահության վարչությունում տեղի ունեցած ժողովներից մեկի ժամանակ հրամցրել է Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար նախատեսված հայցադիմումների ձեւերը: Առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանն էլ, մեկական օրինակ հատկացնելով հիվանդանոցների տնօրեններին, պարտադրել է, որ օրինակները բազմացնեն ու բաժանեն աշխատակիցներին: Ի դեպ, մեր ձեռքի տակ եւս կան հայցադիմումի օրինակներ: Ըստ ներկայացրածի՝ յուրաքանչյուր բուժհիմնարկից թիվ է պահանջվել, մի քանի ղեկավարներ, օրինակ՝ հոգեբուժարանի եւ ինֆեկցիոն հիվանդանոցների, ուռուցքաբանական դիսպանսերի տնօրենները 40 ապագա հանրապետական են խոստացել, ավելի քիչ աշխատակիցներ ունեցողները, օրինակ, ասենք՝ մարզային հիվանդանոցի տնօրինությունը՝ մի քիչ պակաս: Ի դեպ, ահազանգող բժիշկները ոչ մի կերպ չհամաձայնեցին իրենց անուն-ազգանունները հրապարակել՝ առողջապահության վարչության հետ խնդիրներ չունենալու պատճառաբանությամբ: Նրանք մեզ նաեւ տեղեկացրին, որ հանրապետականացման գործընթացը սկսվել է 2 ամիս առաջ, բժիշկներին պարտադրել են կուսակցության շարքերը մտնելու համար մինչեւ դեկտեմբերի 5-ը դիմում ներկայացնել, վերջիններս ներկայացրել են, սակայն անդամատոմս դեռ չեն ստացել: Նույնիսկ նախատեսվել էր անդամատոմսերը հանդիսավոր ձեւով հանձնել դեկտեմբերի վերջին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է: Մեր զրուցակիցների խոսքերով՝ շուտով իրենց ասածի ճշմարտությունը կապացուցվի, մի մեծ շոու կկազմակերպվի, ու անդամատոմսերը ցուցադրաբար կհանձնվեն, բնականաբար կհայտարարվի, որ բժիշկներն իրենց ցանկությամբ են անդամագրվում ՀՀԿ-ին: Իսկ թե ինչու են որոշել բժիշկներին հանրապետականացնել, չէ՞ որ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ԲՀԿ-ից է, եւ եթե հարկ լիներ, նա «կբարգավաճեցներ» իր ենթականերին, մեր աղբյուրները սրա պատասխանը եւս ունեն: Բանն այն է, որ «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հ/կ-ն Շիրակի մարզի առողջապահության զարգացման ծրագիր է ներկայացրել, որը նախորդ ընտրություններից հետո ֆինանսավորվել է ՀՀԿ-ի կողմից, իշխող կուսակցությունը նորից պատրաստակամություն է հայտնել իր միջոցներով զարգացնել առողջապահությունը՝ իհարկե դրա փոխարեն պահանջելով կուսակցությանը սատարել՝ ՀՀԿ անդամներ ապահովել:
Այս թեմայի շուրջ զրուցեցինք Շիրակի մարզի մի քանի առողջապահական հիմնարկների տնօրենների հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումն ու վերաբերմունքը կուսակցական խաղերի շուրջ: Հոգեբուժարանի տնօրեն Նադյա Վարդանյանը, որն, ի դեպ, հանրությանը հայտնի էր որպես դաշնակցական, պնդեց, որ իր մասով սուտ են ներկայացրել, ինքը ոչ մեկին չի կանչել ու չի պարտադրել: «Դուք գիտեք, որ ժամանակին մեզ պարտադրեցին, դաշնակցական դարձրին, եւ եթե ես, լինելով դաշնակցական տնօրեն, իմ կոլեկտիվի անդամներից ոչ մեկին չպարտադրեցի դաշնակցական դառնալ, հիմա, երբ արդեն անկուսակցական եմ՝ ինչո՞ւ պիտի պարտադրեմ այս կամ այն կուսակցության շարքերը մտնել: Եվ հետո, ինձ թվում է, որ Ռոմիկ Մանուկյանի ժամանակ դաշնակցական դառնալուց, սակայն մարզպետ Լիդա Նանյանի կողմից հալածվելուց հետո ոչ մի տնօրեն էլ այլեւս չի ուզի կուսակցական լինել: Ի վերջո կուսակցական լինելը խանգարում է բժիշկների գործին: Տիկին Նանյանը ընկել էր դաշնակցականների հետեւից, ուղղակի բռնանում էր, չէր թողնում, որ դաշնակցական տնօրենները գնան, մասնակցեն կուսակցության ժողովներին, ես էլ չհաճախեցի, ինձ հեռացրին կուսակցության շարքերից»,- ասաց Ն. Վարդանյանը: Ըստ նրա՝ իր աշխատակիցներից ոչ մեկը չի կարող իր աչքերին նայել ու ասել, որ հոգեբուժարանի տնօրենը փորձել է որեւէ մեկին հանրապետական դառնալու առաջարկ անել: «Ինձ ոչ մեկը չի պարտադրել, ես էլ որեւէ մեկին չեմ պարտադրում, իրենք՝ իրենց կամքը, ազատ ընտրություն է, ինձ մոտ կան 8 թե 9 հանրապետական, բայց նրանք հարյուր տարվա կուսակցականներ են, եւ ես չեմ կարծում, որ նրանց թիվը ավելացել է: Վերջերս իմացա, որ 2-3 հատ էլ ԲՀԿ-ական ունենք»,- հայտարարեց տիկին Վարդանյանը:
«Սամարիթեր» հիվանդանոցի տնօրեն Ռաֆիկ Խաչատրյանը եւս հերքեց, որ ՀՀԿ-ն ցուցակագրում է սկսել բուժհիմնարկներում. «Կասեմ, որ ինձ վերաբերող հատվածով այդ խոսակցությունները հերյուրանք են: Ես տարիներ շարունակ կուսակցական չեմ եղել: Ազնվությամբ եմ ասում, նույնիսկ դիսպետչերականների ժամանակ առողջապահության վարչությունից նման առաջարկ չեմ լսել, եթե նման կամպանիա լիներ, ինձ չէի՞ն ընդգրկի: Մեր հիվանդանոցը, բնականաբար, ունի Հանրապետական բժիշկներ, բայց նրանք նորվա հանրապետականներ չեն: Հիշո՞ւմ եք, դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի օրոք բոլոր բժիշկներին ու առհասարակ բոլորին դաշնակցականացնում էին, էդ ժամանակ էլ ինձ չառաջարկեցին դաշնակցական դառնալ, երեւի իմ վրա ուժ չունեին: Լավ բժիշկը իր գործով պիտի զբաղվի»:
Կարդացեք նաև
Մարզային հիվանդանոցի տնօրեն Սաթենիկ Բեյբությանն էլ գրեթե նույնը կրկնեց. «Ես ինքս կուսակցական չեմ, եւ ես չեմ մասնակցել նման մի ժողովի, որ մեզ կանչեն, հանձնարարեն կամ պարտադրեն: Ես նույնիսկ չեմ հետաքրքրվում, թե ով որ կուսակցության անդամ է: Բժիշկը, անկախ կուսակցական, ռասսայական ու կրոնական պատկանելությունից, պարտավոր է հիվանդին տեր կանգնել: Բժիշկն էլ միշտ հայտնի է դառնում իր գիտելիքով ու վերաբերմունքով, հիվանդին ի՞նչ, թե իր բժիշկը որ կուսակցությունից է»:
Այս թեմայի շուրջ մեզ չհաջողվեց լսել նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանի օրոք դաշնակցական դարձած եւս մեկ բուժաշխատողի՝ Վալերիկ Շիրինյանի կարծիքը, որը գլխավորում է Գյումրիի Ուռուցքաբանական դիսպանսերը: Բնականաբար, նա եւս հարկադրված է եղել կուսակցական դառնալ եւ որոշակի ասելիք այս մասին կունենար: «Առավոտը» պարզաբանումներ խնդրեց նաեւ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության առողջապահության բաժնի պետ Եղիշե Խաչատրյանից: Պաշտոնյան թեեւ տեղեկացրեց, որ ինքը հանրապետական է, սակայն հավաստիացրեց, որ վարչության կողմից ոչ առաջարկ է եղել, ոչ էլ պարտադրանք. «Ո՞ր դարն է, որ մարդուն պարտադրես, էն էլ՝ շարքային բժիշկներին, որոնք ամբիցիոզ մարդիկ են»: Մեր այն դիտարկմանը, թե վարչության պետը չի՞ հիշում, թե դաշնակցական դառնալուց հրաժարվելու դեպքում բժիշկներին ինչ օրն էին գցում, պարոն Խաչատրյանն ասաց, որ այդ ժամանակ ինքը վարչությունում չի աշխատել: Թեեւ մենք ճշտեցինք, որ նրա հրամանը հենց Ռոմիկ Մանուկյանի օրոք է տրվել:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ