Արտաշես Մամիկոնիչի երկրորդ խորհուրդը Ռոբերտ Սեդրակիչին՝ «գնացեք որսի»
«Հրապարակումների շարքը, որով հեղեղված է պարոն Քոչարյանին սատարող էլեկտրոնային կայքը, գալիս է ապացուցելու այն, որ պարոն Քոչարյանը շատ ծանր կացության մեջ է հայտնվել»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Հիշեցնենք, որ մեր թերթի հունվարի 18-ի համարում տպագրված «Նույն ազնվությամբ եւ նվիրվածությամբ սատարեք Սերժ Սարգսյանին» հրապարակումից հետո որոշ լրատվամիջոցներ հեգնական ու վիրավորական հոդվածներ տպագրեցին ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նրա ուղղած՝ 2013 թվականի նախագահական ընտրություններում գործող նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու առաջարկի վերաբերյալ: Հեգնանքներից ու վիրավորանքներից անմասն չմնաց նաեւ նախագահի փեսան՝ Միքայել Մինասյանը, ով այժմ օգնելու է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ ՀՀԿ նախընտրական շտաբի աշխատանքները կազմակերպելու գործում: Ըստ Արտաշես Գեղամյանի՝ Ռոբերտ Քոչարյանի՝ ծանր կացության մեջ լինելը պայմանավորված է նրանով, որ նա զրկվեց իր «գրեթե եզակի» հենարաններից մեկից՝ Աշոտ Ավետիսյանից, ով հայտնի է «Բանգլադեշցի Համո» մականունով: Հիշեցնենք, որ վերջինս ձերբակալվեց հունվարի 18-ին խուլիգանություն կատարելու համար: Մարդ էր ծեծել: Ի թիվս այս անձի այլ «քաջագործությունների»՝ այդ օրերին մամուլում հիշվեց նաեւ 2004 թվականին «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Ազգային միաբանության» կազմակերպած հանրահավաքը, որի նպատակն էր այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանին ստիպել ենթարկվել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմանը, համաձայն որի՝ 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո ՀՀ-ում մեկ տարվա ընթացքում պետք էր անցկացնել վստահության հանրաքվե: Ռոբերտ Քոչարյանը կտրականապես դեմ էր հանրաքվեի անցկացմանը, իսկ ԱՄ-ն այդ շրջանում ակտիվ պայքար էր մղում, որպեսզի ժողովրդի ճնշման տակ Քոչարյանին ստիպի վստահության հանրաքվե անցկացնել: «Քոչարյանը մոբիլիզացրել էր իր ուժերը, եւ, բնականաբար, առաջին շարքում սափրագլուխները պետք է լինեին»,- հիշում է Գեղամյանը՝ հավելելով. «Իրենք երբեք ու երբեք չէին կարող մտավոր հարթակում մրցել մեր կուսակցության հռետորների հետ, ուստի դիմեցին ձվանետությանը: Պայքարի նման մեթոդները՝ բռնի ուժ կիրառելով, խիստ հոգեհարազատ են պարոն Քոչարյանին: Ինչեւէ, խնդիր էր դրված ամեն գնով ձախողել այդ հանրահավաքը: Իրենց դա չհաջողվեց: Անցել են տարիներ, եւ այսօր մնում ես զարմացած՝ ինչպե՞ս կարելի է այդքան ստոր գտնվել: Մարդն ինչ-որ արարքների համար կալանավորվել է, պարոն Քոչարյանի կողմնակիցները փորձում են արդարացնել, փորձում են քաղաքական երանգներ տալ նրա հակաիրավական գործողություններին: Նախօրոք գիտակցում են, երեւի, որ դա էլ ավելի է վատթարացնելու Աշոտ Ավետիսյանի կարգավիճակը»: Գեղամյանի համոզմամբ՝ «քոչարյանականները» չեն կարող հաշտվել այն իրողության հետ, որ ի դեմս նոր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ մենք ունենք մի մարդու, ով «վճռական պայքար է մղելու ցանկացած անօրինականության դեմ՝ անկախ նրանից, թե անօրինականություն կատարողի թիկունքում ով է կանգնած, անգամ եթե այդ թիկունքը Ռոբերտ Քոչարյանն է»:
«Լավ հասկանում է Ռոբերտ Քոչարյանը, որ ամեն գնով պետք է քաղաքականացնել Աշոտ Ավետիսյանի շուրջ ընթացող գործընթացները՝ շեղելով մարդկանց ուշադրությունն այն հսկայական կոռուպցիոն գործարքներից, որոնք կատարվել են իր իշխանավարության օրոք»,- հայտարարեց մեր զրուցակիցը՝ երկու կոնկրետ օրինակներ վկայակոչելով. «Այդ ինչպե՞ս ստացվեց, որ պարոն Քոչարյանի նախագահության տարիներին սեփականաշնորհվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ճիշտ այն գնով, որը համապատասխանում էր այդ կոմբինատի տարեկան մաքուր շահույթին: Այն էլ՝ գումարը միանվագ չմուծվեց պետբյուջե: Կամ՝ ինչպե՞ս ստացվեց, որ «Էլեկտրացանցեր» բաժնետիրական ընկերությունն ինչ-որ անհայտ «Միդլենդ-ռիսուրսիս» ընկերությանը սեփականաշնորհվեց մի գնով եւ դրանից երկու տարի անց կրկնակիից ավելի գնով վերավաճառվեց ռուսաստանյան «ՌԱՕ ԵԷՍ»-ին: Այդ հսկայական կոռուպցիոն գործարքները որպեսզի ջրի երես չգան, փորձում են ապակայունացնել իրավիճակը, փորձում են քաղաքականացնել անգամ իսկ խուլիգանության դրսեւորումը: Եվ որ ամենաստոր եւ վիրավորականն է՝ փորձում են կապել «Բանգլադեշի Համոյին» մի կուսակցության հետ»: Գեղամյանը չգիտի՝ «այդ հերոսը» քաղաքական պատկանելություն ունի, թե ոչ, բայց որ նա «Քոչարյանի հենարանն է»՝ դա գիտի 2004 թվականի ապրիլի 5-ից: Հետեւաբար Գեղամյանը Ռոբերտ Սեդրակիչին մեկ խորհուրդ էլ ունի. «Աֆրիկայում որսի սեզոնը սկսվել է, ճիշտ կլինի՝ մի քանի ամսով բացակայեք, որ ավելորդ նյարդայնություններ չստեղծվեն այն մարդկանց շրջանում, ովքեր ժամանակին հլու-հնազանդ, բայց ոչ անշահախնդիր ծառայել են իրենց: Հիմա պետք չէ էդ մարդկանց փուռը տալ: Դրա վառ ապացույցն այն է, ինչը մենք կարդում ենք Քոչարյանին սպասարկող կայքէջում, որը կատարելով Քոչարյանի հրահանգները՝ վարկաբեկում է հենց Քոչարյանին: Բարի երթ Ձեզ, պարոն Քոչարյան, բայց ոչ թե գալիք խորհրդարանական ընտրություններում, այլ Տանզանիայի արգելոցներում: Փառք Աստծո, Զանգեզուրի կամ ցանցերի գործարքներից գումարներ ետ գցած կլինեն մարդիկ, եւ դուք կրկին կկարողանաք աֆրիկյան ֆլորան եւ ֆաունան ոչնչացնել, ինչը եւ հատուկ է ձեզ եւ մտնում է ձեր պատկերացումների մեջ»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ