Լրահոս
Օրվա լրահոսը

Օգնության մարտահրավերը

Հունվար 24,2012 13:12

Լավ հիշում եմ, որ 88-ի երկրաշարժից օրեր անց թանկարժեք դեղերը, որոնց վրա գրված էր «Օգնություն Հայաստանին. վաճառքի ենթակա չէ» սկսեցին վաճառվել Երեւանի դեղատներում՝ բնականաբար, բարձր գներով: Դա, ի դեպ, եւս մի ապացույց է, որ համակարգը, որն այսօր գոյություն ունի Հայաստանում, ստեղծվել է ոչ թե 10 կամ 20 տարի առաջ, այլ շատ ավելի վաղ: Նրանք, ովքեր կարոտախտ ունեն այդ վաղ անցյալի նկատմամբ, կամ նրանք, ովքեր սրտանց բացականչում են՝ «բա մեր վախտ էդ ձե՞ւ էր», կարող են շատ չլարվել՝ «էդ ձեւ էր» միշտ, քանի որ այդ համակարգի ստեղծողը ոչ թե ռեժիմներն են կամ նույնիսկ իշխանավորները, այլ մենք բոլորս:

Հիմա էլ են մեզ օգնում: Բարեբախտաբար, հումանիտար օգնությունն ավարտվել է: Բարեբախտաբար, որովհետեւ այդ օգնությամբ հարստացել են նրանք, ովքեր այդ օգնությունը պետք է բաժանեին: Կա, այսպես ասած, տեխնիկական օգնություն՝ սեմինարներ, «թրեյնինգներ», «կոֆե բրեյքեր» եւ այլն: Գալիս է արտասահմանցի դասախոսը, որը պատկերացում չունի մեր իրականության մասին, կարդում է դասագրքերից վերցրած իր դասախոսությունը՝ կրկնելով ծեծված ճշմարտություններ, երկու օրվա համար ստանում է աշխատավարձ, որը հավասար է Երեւանի համալսարանի պրոֆեսորի տարեկան եկամուտին, եւ վերադառնում է տուն: Թե դասախոսն է գոհ, թե տեղական այն հ/կ-ն, որն այդ դրամաշնորհը «կպցրել է»:

Բայց դա դեռ փողերի շատ անմեղ վատնում է: Ավելի ցավալի են էական, նյութական օգնության հետեւանքները: Պատկերացրեք մի գյուղ, որի՝ «սովետի» ժամանակ կառուցված մշակույթի տունը գոմ էր դարձել: Գալիս են բարերարները, հիմնովին վերանորոգում են այդ շենքը, կտրում են ժապավենը, համերգ են կազմակերպում եւ գնում են: Առաքելությունը կատարված է, եւս մեկ տարի գուցեեւ հետաքրքրվում են, թե ինչ է կատարվում իրենց վերանորոգած օբյեկտում, դրանից հետո «գրանտը» սպառվում է, եւ նրանք այլեւս պարտավոր չեն դրանով զբաղվել, եւ հաջորդ տարիներին այդ շենքը դարձյալ կամաց-կամաց վերածվում է գոմի: Ո՞վ է մեղավոր. ինչ-որ չափով՝ բարերարները, որոնք չգիտեն, թե ում համար ինչ են անում եւ ինչու, իսկ մյուս կողմից՝ համայնքը ու նախեւառաջ գյուղապետը, որոնց, ինչպես պարզվում է, այդ մշակույթի տունը պետք չէ: Բայց հո ոռոգման ջուրը պետք է: Սակայն այս դեպքում էլ համայնքն ամեն ինչը թողնում է բառիս բուն իմաստով ինքնահոսի՝ խողովակները փտում են, գողացվում:

Ո՞րն է դրա «հակաթույնը»: Դուք կզարմանա՞ք, եթե ասեմ՝ ժողովրդավարությունը: Եթե այդ գյուղապետն իսկապես ընտրվի գյուղացիների կողմից, ոչ թե նշանակվի վերեւից, ապա նա պատասխան կտա իր, մեղմ ասած, ոչ տնտեսվար գործունեության համար: Բայց քանի որ գյուղապետն, ըստ էության, նշանակվում է վերեւից եւ հետո համապետական ընտրությունների ժամանակ «աշխատում է» իշխանության համար, նրա բոլոր «մեղքերի» վրա աչք են փակում:

Հիմա պա՞րզ է, թե ինչու ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» օգնության ծրագրի նախապայմաններից է «արդար կառավարումը»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031