Հատվածներ թատերագիր, երգիծաբան Վահրամ Սահակյանի հետ հարցազրույցից:
– Երիտասարդները սոցցանցերում խմբեր են ստեղծում՝ վեր հանելով օրախնդիր հարցեր՝ արժանապատիվ տրանսպորտ, հեռուստաեթերի մաքրման աշխատանքներ եւ այլն։
– … Ասում եք՝ պայքարում են, խմբեր կազմում, բայց եթե գրագետ չեն, եթե համացանցում գրում են լատինատառ, էլ ի՞նչ հայրենասիրություն։ Facebook-ի «Խոսենք հայերեն» բազմամարդ խմբի անդամները, որոնք իրենց ընկերների բաժինը Կոմիտասի նկարով ու Ցեղասպանությանը վերաբերող աֆիշներով են լցնում, գրում են լատինատառ։ Կրկնում եմ՝ լատինատառ։ Էդ դեպքում ինչի՞ են պետք հայերեն տառերը։ Եթե Մարկեսը լատինատառ է գրում, ավելի վատ գրո՞ղ է, քան, ասենք, Զորի Բալայանը։ Ո՛չ։ Ուրեմն, պետք չէ դա մեզ։ Ես հատուկ նայել եմ, վրացիների 10 տոկոսն է գրում լատինատառ։ Կամ, այսօրվա ֆոնետիկ ստեղնաշարը, անգլերենի տակ հայերեն տառերն են։ Թվում է՝ սովորական բան է, բայց ինչպիսի ստրկամտություն կա դրա ներքո։ Մոբիլ գործիքների հայատառ ծրագիր ստեղծողներին ասում ես, որ մարդկանց նորմալ մասը հայկական գրամեքենայի ստեղնաշարից է օգտվում, ասում են՝ քիչ են, շատի վրա ենք աշխատում։ Դե աշխատեք, ու դարձրեք անգրագետ ստրուկ:
– «Լույսն ամբողջովին պարուրեց ինձ, ու ես ակնթարթորեն, բայց վերջնականապես ննջեցի՝ գլուխս դրած Հայրենիքիս ծնկներին» «Հավերժ կախաղանի» վերջին տողերն են: Նման տողերի հեղինակը պիտի որ չգնա հայրենիքից: Մի ժամանակ ասում էիք, որ գնալու եք:
Կարդացեք նաև
– Ես գնացի, հետ եկա, էլի եմ գնալու, էլի եմ հետ գալու։ Գնալը իրենք սխալ հասկացան։ Այն ժամանակ ինչ-որ վիճակ էր ստեղծվել, երբ ես կատակ էի արել ընդդիմության հետ կապված, նույն մարդիկ, որ «Մեա կուլպա» էին նայում, գրում էին՝ «ինչ լավ է, որ կաք», հետեւիցս գոռում էին դավաճան՝ ամեն տեսակի հայհոյական խոսքերով։ Տեսեք, ես քնում եմ հատակին, բնակարան չունեմ, ամեն ինչ վարձակալած է, բայց դա իրենց չխանգարեց մարդուն որակելու որպես իշխանություններին ծախված, միլիոնատեր դավաճան։ Դեհ, իհարկե, կարելի է եւ ուշադրություն չդարձնել ամեն ծերտի ասածին, բայց ինչ էլ լինի՝ վիրավորական է։ Այստեղ դժվար է ապրելը։ Սա այն Երեւանը չէ, որ ես ապրել եմ, սա ինչ-որ պոռնո սայթ է։
Ես թքած ունեմ բոլոր հոսանքների վրա։ Եթե ընդդիմության, կառավարության մեջ կան լավ մարդիկ, ես այդ մարդկանց նորմալ եմ վերաբերվում։ Երբ ես ասում եմ բոլորը, նկատի ունեմ 95 տոկոսին. ով իր վրա է վերցնում, թող վերցնի: Ես ասել եմ՝ այն մարդը, որ կուսակցական կամ պատգամավոր Է դառնում իր շահերի համար, այլ ոչ ժողովրդին ծառայելու, նա պոռնիկի զավակ Է։ Հիմա ով ուզում Է իր վրա վերցնի, թող վերցնի։ Ես չեմ կարող նրանց ասել ստոր, խաբեբա, որովհետեւ դա այսօրվա օրով հավասար Է հայրենիքի դավաճանության։
– «Հավերժ կախաղա՞ն»։ Ո՞րն է ելքը։
– Գիտեք, «բռնապետ» բառը իր նախնական իմաստով ուղղակի այս Է՝ անհատն Է որոշում կայացնողը։ Նա կարող Է լավ բաներ որոշել։ Հուլիոս Կեսարն Էլ Է բռնապետ եղել, Օգոստոս կայսրն Էլ, Ավգուստո Պինոչետն էլ, բայց երկիրը ծաղկել Է։
– Հիմա դուք բռնապետությա՞ն կողմնակից եք։
– Ես կողմնակից եմ «բռնապետություն» բառին՝ նախնական իմաստով: Այսօր կարդինալ փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ Է մի քանի ամսով երկրի սահմանները փակել, օդանավակայանները փակել ու կատարել «մեծ մաքրում»։ Այսպես չի կարող շարունակվել։ Չորի հետ թացն Էլ Է վառվում, Մաքիավելին է ասել՝ նպատակն արդարացնում է միջոցները։ Խորհրդային տարիներին 10 հազար ռուբլի պետությունից գողանալու համար գնդակահարություն էր հասնում։ Այս օրենքը հիմա պիտի գործեր, 10 հազար դրամ կաշառք վերցնողին թող ցմահ բանտարկություն տային, տեսնեինք, ինչ է լինում դրանից հետո։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
«Իրատես de facto»-