Հատվածներ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հետ հարցազրույցից
– Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին շրջանում մամուլում Ձեր մասին եղած հրապարակումները:
– Երբ ես դեռ ԱԺ փոխնախագահ էի, բազմաթիվ անգամ մամուլում եղել են ստահոդ եւ վարկաբեկիչ նման հրապարակումներ: Եվ երբ կուսակցությունը որոշում կայացրեց ինձ առաջադրել ԱԺ նախագահի պաշտոնին, այդ պահից ինձ համար ակնհայտ էր, որ նման անազնիվ մոտեցումները ոչ միայն շարունակվելու են, այլեւ նոր թափ են ստանալու: Իհարկե, դա տհաճ է, բայց չի կարող որեւէ ազդեցություն գործել իմ տրամադրության վրա: Պարբերաբար խոսվում է, որ ես տեղափոխվել եմ կամ պատրաստվում եմ տեղափոխվել Կառավարական առանձնատները, որովհետեւ ԱԺ նախագահի համար շինություն կա հատկացված: Բազմաթիվ անգամ պատասխանել եմ, որ ես չեմ տեղափոխվել եւ չեմ պատրաստվում տեղափոխվել: Ինչ է, ես ընկնեմ այդ ստահոդ տեղեկությունների հերքումների հետեւի՞ց: Իմ ժամանակը դրան չի բավարարի: Նախկինում եւ հիմա էլ այդ բոլոր հրապարակումների ճանապարհային քարտեզն ինձ համար ակնհայտ է: Կարծում եմ, որ լրագրողների համար էլ դա գաղտնիք չէ, որովհետեւ շատ փոքր երկրում ենք ապրում, բոլորը բոլորին ճանաչում են, եւ բոլորս էլ հասկանում ենք` յուրաքանչյուր ստահոդ հոդվածի հետեւում կան կատարողներ եւ պատվիրատուներ, եւ բոլորի ականջներն էլ երեւում են: Բայց ես ուզում եմ ասել հետեւյալը` պարոնայք, բացի դիմացինին վատություն անելու եւ սեւացնելու ձգտումներից, կան նաեւ շատ լավ ու պիտանի անելիքներ:
– Ո՞ւմ «ականջներն» եք տեսնում այդ «ճանապարհային քարտեզի» հետեւում:
Կարդացեք նաև
– Հուսով եմ, որ իրերն իրենց անունով կոչելու անհրաժեշտություն չի լինի: Բայց առայժմ ես նախընտրում եմ կառուցողական գործերով զբաղվել, քան պատասխանել բամբասանքներին:
– Բայց այդ հրապարակումներն այնքան էլ անհիմն չեն: Օրինակ, արդյո՞ք կրճատել եք աշխատակիցների առողջական խնդիրների հետ կապված հատկացումները, եւ եթե այո` ապա ինչո՞ւ:
– Տարիներ շարունակ տեխնիկական աշխատակազմին, բացի արձակուրդային վճարից, տրվել է նաեւ, այսպես ասած, «լեչպասոբիա»: Այո, եղել է նման առաջարկ, որը ես կտրականապես մերժել եմ` կարգադրելով, որ այն շարունակվի այնպես, ինչպես եղել է մինչեւ հիմա` միաժամանակ հանձնարարելով գործընթացն իրականացնել օրինականության շրջանակներում: Իսկ օրենսդրությունն այդ հարցը կարգավորելու հնարավորություններ տալիս է:
Արմինե ԱՎԵՏՅԱՆ
«168 ժամ»