Լրահոս
Օրվա լրահոսը

Մադրիդյան նորացված սկզբունքների փաստաթուղթը երկուստեք ընդունելի է

Հունվար 24,2012 11:22

Սոչիում կայացած երեկվա եռակողմ հանդիպումը, ինչպես եւ սպասվում էր, որեւէ բեկումնային արդյունք չտվեց։ Դա, կարելի Է ասել, «հրաժեշտի հանդիպում էր» Դմիտրի Մեդվեդեւին, ով իր նախագահության տարիներին բավականին մեծ ջանքեր գործադրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Այդուհանդերձ, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների՝ երեկ ընդունած համատեղ հայտարարությունը փորձագետների գնահատմամբ եթե ոչ մեծ, սակայն զգալի դրական քայլ էր՝ հատկապես երեք կարեւոր մեսիջների առումով. «Նկատի առնելով Խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու կարեւորությունը՝Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն հայտնեցին արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը՝ հաշվի առնելով մինչ այժմ իրականացված աշխատանքը»։ Սա եռակողմ հայտարարության թերեւս ամենակարեւոր մեսիջն է, ինչից կարելի է եզրակացնել, որ այս պահի դրությամբ բանակցային սեղանին դրված ելակետային փաստաթուղթը, ի դեմս Մադրիդյան նորացված սկզբունքների, երկուստեք ընդունելի է՝ առանց 2011 թ. հունիսին Կազանում կայացած Եռակողմ հանդիպման ընթացքում Ադրբեջանի կողմից առաջ քաշված 15 կետանոց փոփոխությունների։ Հայտարարության մեջ հստակ նշվում է՝ «հաշվի առնելով մինչ այժմ իրականացված աշխատանքը», իսկ այդ աշխատանքի արդյունքն առայժմ Մադրիդյան նորացված սկզբունքներն են, եւ եթե այդ արդյունքի հիման վրա կողմերը պատրաստակամ են «արագացնել պայմանավորվածությունների ձեռքբերումը», նշանակում է՝ Ադրբեջանը հունիսից հետո վերանայել Է իր դիրքորոշումը։

Երեկվա հայտարարության հաջորդ կարեւոր ասելիքը վերաբերում է դեռեւս անցած տարի մարտի 5-ին դարձյալ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված, սակայն այդպես Էլ կյանքի չկոչված (բնականաբար, ադրբեջանական կողմի մեղքով համաձայնությանը՝ կապված շփման գծում միջադեպերի հետաքննության հետ։ «Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ի գիտություն ընդունեցին համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ շփման գծի երկայնքով միջադեպերի հետաքննության անցկացման մեխանիզմի վերաբերյալ համատեղ մշակված զեկույցը եւ հանձնարարեցին շարունակել այդ աշխատանքը»։ Խնդրի շուրջ երկրորդ անգամ համատեղ հայտարարության ընդունումը հույս է տալիս, որ գոնե այս անգամ շոշափելի քայլեր կարվեն սահմանային միջադեպերի անկողմնակալ քննության ուղղությամբ։

Եվ վերջապես, երեկվա հանդիպման երրորդ դրական արդյունքն այն էր, որ կողմերի միջեւ վստահության ամրապնդման նպատակով երեք երկրների ղեկավարների մակարդակով շեշտվեց երկուստեք հումանիտար կապերի զարգացման անհրաժեշտությունը. «Նախագահներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին նպաստելու մտավորականության, գիտական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջեւ հետագա երկխոսության հաստատմանը»։

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031