Հատված «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանի հետ հարցազրույցից
– Տիկին Դանիելյան, այս տարի նախընտրական տարի է, եւ քաղաքական շատ ուժեր փորձելու են օգտագործել նաեւ էկոլոգներին, ինչո՞ւ չէ, նաեւ չարչրկել էկոլոգիական ամենահրատապ հարցերը: Ինչքանո՞վ կշահի կամ կտուժի բնապահպանական շարժումը դրանից:
– Ժամանակին դառը փորձը դաս էր ինձ համար, որ այլեւս չլինեմ որեւէ քաղաքական ուժի հետ: Ամենահեշտ ճանապարհն է էկոլոգներին օգտագործելը, եւ ինքս չէի ցանկանա, որ էկոլոգիական շարժումը որեւէ կերպ օգտագործվեր: Իմ անձնական խնդիրը հեշտ է` աշխատում եմ ՄԱԿ-ի հետ, եւ պետք է հնարավորինս հեռու մնամ քաղաքականությունից: Ամեն դեպքում, կարծում եմ` էկոլոգիական շարժումը պետք է խոհեմ գտնվի, եւ նույն սխալը չկրկնվի: Նախընտրական փուլում խոստումները շատ են, մինչդեռ ընտրություններից հետո դրանք այդպես էլ մնում են չիրագործված:
– 1991-94թթ. Դուք եղել եք նաեւ Բնապահպանության նախարար, իսկ որպես փորձագետ` աշխատել եք 3 նախագահների օրոք: Ի՞նչ փոփոխություններ կառանձնացնեիք այս տարիների ընթացքում:
Կարդացեք նաև
– Նախ ասեմ, որ իմ կյանքի ամենադժբախտ տարիները պաշտոնավարման տարիներն էին: Կառավարությունից դուրս եկա համարյա մահամերձ: Չեմ կարող լրիվ մեղադրել այն ժամանակվա ղեկավարությանը, որն անտեսում էր էկոլոգիան` պատերազմ էր: Երբ ասում էի` անտառ են կտրում, վառելիք է պետք, որ ինսպեկցիան կարողանա աշխատել, պատասխանում էին, որ վառելիքի վերջին կաթիլները լցրել են տանկերը: Գիշերը կառավարության նիստից տուն էի գնում ոտքով` փոքրիկ լապտերիկը ձեռքիս: 1998թ. պաշտոնավարելու տարբեր առաջարկներ եղան, իհարկե, ոչ նախարարի պաշտոնի համար, բայց այլեւս չէի կարող վերադառնալ կառավարություն: Պաշտոնը նաեւ սահմանափակում է ազատությունը: Ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում: Ինձ անհանգստացնում է արտագաղթը: Այն ժողովուրդը, որ 1988թ. այնպիսի ոգեւորություն ուներ, ապա պատերազմի, բլոկադայի տարիներին դիմացավ, այժմ հեռանում է երկրից: Դա ինձ սարսափեցնում է: Բեւեռացումը շատ է ճնշում հասարակությանը: Բայց վերջին փորձից կարող եմ ասել (Սեւանի լճի մակարդակի բարձրացման հետ կապված.- Մ.Մ.), որ երբ խնդիրը կարողանում ես, այսպես ասած, հասցնել երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին, այն լուծվում է:
Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«168 ժամ»