Ինչպես տեղեկացրել էինք, քիչ առաջ Ֆրանսիայի Սենատում ցեղասպանությունների ժխտման օրինագծի երկար քննարկման արդյունքում ձայների 127 կողմ, 86 դեմ հարաբերակցությամբ Ֆրանսիայի Սենատը վավերացրեց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագիծը: Այս առնչությամբ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը Aravot.am-ին ասաց, որ թեեւ համոզված էր օրինագծի հաստատման հարցում, բայց երկար քննարկման ընթացքում իր մոտ էլ եղան կասկածի րոպեներ. «Սա ֆրանսիացիների, համայն հայության եւ ողջամիտ թուրքերի հաղթանակն է: Օրինագծի ընդունումը կարեւոր առաջընթաց էր եւ վստահ եմ, որ օրինակ կծառայի Եվրամիության անդամ երկրներին, որպեսզի նրանք եւս նման օրենքներ, օրինագծեր որդեգրեն»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունել էր ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, որի հեղինակը իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության անդամ Վալերի Բուայեն է: Օրենքը խախտողներին սպառնում է 45 հազար եվրո տուգանք եւ մեկ տարվա ազատազրկում: