Լրահոս
Օրվա լրահոսը

Բանգլադեշի Համոն եւ ասքերը նրա մասին

Հունվար 24,2012 01:29

Ասում են, թե լրագրողների համար ճիշտ է բլոգներում գրել նաեւ, թե ինչպես է ստեղծվել որեւէ հրապարակում, դրա, այսպես ասած, խոհանոցային մանրամասները: Տեսնենք, թե արդյոք դա իրոք հետաքրքիր է ընթերցողներին:

Ուրեմն, հունվարի 17-ի կեսգիշերն անց՝ կարելի է ասել, արդեն հունվարի 18-ին, 01:47-ին մեր կայքում հրապարակվեց Խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանություն է տարվել «Նեպտունի» Համիկը լուրը: Այն առանձնապես ուշադրություն չգրավեց; Համենայնդեպս՝ առավոտյան այլ կայքերում այս կապակցությամբ չկար աժիոտաժ: 

Ավելի ուշ Գագիկ Շամշյանը  հաղորդեց. «Բանգլադեշցի Համոն» ձերբակալվեց, ինչը հրապարակեցինք  11:48-ին: Այստեղ ես մի հատված հավելեցի, քանի որ հրաշալի գիտեի, թե ով է այդ Աշոտ Ավետիսյանը՝ «Նեպտունի» Համիկը կամ Բանգլադեշի Համոն: Մեկն եմ այն լրագրողներից, որոնք տուժող էին ճանաչվել այն գործով, որով 100 հազար դրամ տուգանք սահմանվեց Աշոտ Ավետիսյանի համար: Հետո էլ հետեւում էի նրա «գործունեությանը», եւ հիշում էի, որ «ՏԷՑ-ի կրուգում»երկու խմբավորումների միջեւ զինված բախումից հետո նա դատապարտվեց ընդամենը պայմանական ազատազրկման: Ուստի եւ նյութի մեջ ավելացրի, որ նա հանրությանն ավելի շատ հայտնի է «մասնավորապես այն բանից հետո, երբ 2004-ի ապրիլի 5-ին «Ազգային միաբանության» հանրահավաքի ժամանակ մի խումբ սափրագլուխների հետ ձվեր նետեց Արտաշես Գեղամյանի վրա եւ ջարդեց այս ամենը նկարահանող լրագրողների ֆոտո եւ տեսախցիկները, բռնություն գործադրեց նրանց նկատմամբ: Եվ այդ ժամանակ, եւ հետո՝ «Տեցի կրուգում» տեղի ունեցած «ռազբորկա»-ին մասնակցության համար Աշոտ Ավետիսյանը արժանացել էր զուտ խորհրդանշական պատժի»: Գագիկ Շամշյանը չառարկեց իմ այս լրացմանը, եւ իր կողմից էլ հավելեց. «Իսկ 2010 թվականին Տիգրան Մեծի պողոտայում նա վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու, որը մահացավ: Դեպքի վայրից Աշոտ Ավետիսյանը դիմել էր փախուստի: Եվ դրա համար էլի արժանացավ միայն տուգանքի»:

Մեր այս հրապարակումից մեկ ժամ անց՝ 13:06-ին կատարվածին անդրադարձավ նաեւ News.am-ը, որի հրապարակման մեջ  աննշան խմբագրական փոփոխություններով նույնն էր գրված. «Հիշեցնենք, որ «Բանգլադեշցի Համո» մականունով Աշոտ Ավետիսյանը հանրությանը հայտնի դարձավ, երբ 2004-ի ապրիլի 5-ին, այն ժամանակ ընդդիմադիր «Ազգային միաբանություն» կուսակցության հանրահավաքի ժամանակ, «Նաիրի» կինոթատրոնի մոտ մի խումբ սափրագլուխների հետ ձվեր էր նետել Արտաշես Գեղամյանի վրա, նաեւ ջարդել դա նկարահանող լրագրողների ֆոտո եւ տեսախցիկները, նաեւ բռնություն գործադրել լրագրողների նկատմամբ: Նա մասնակցել է նաեւ «Տեցի կրուգի» հայտնի «ռազբորկային», իսկ 2010-ին մահացու ելքով վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու եւ փախել»:

Հետո տեղեկությունը հրապարակեց Armversion,am-ը՝ 14:42-ին, որի «Ոստիկանները ձերբակալել են «Բանգլադեշցի Համոյին» նյութում էլի կարդում ենք. «Բանգլադեշցի Համո» մականունով Աշոտ Ավետիսյանը 2004-ի ապրիլի 5-ին «Ազգային միաբանություն» կուսակցության հանրահավաքի ժամանակ՝ «Նաիրի» կինոթատրոնի մոտ մի խումբ սափրագլուխների հետ ձվեր էր նետել Արտաշես Գեղամյանի վրա, ջարդել էր այս փաստը նկարահանող լրագրողների ֆոտո եւ տեսախցիկները, բռնություն գործադրել լրագրողների նկատմամբ: Ըստ տեղեկությունների, նա մասնակցել է նաև «Տեցի կրուգի» ՝ 2005-ի փետրվարի 4-ին տեղի ունեցած հայտնի «ռազբորկային», իսկ 2010-ին մահացու վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու»:

Բնականաբար, նման տեղեկությունը չէր կարող անտեսել նաեւ Asekose.am-ը: Նրա ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «Բանգլադեշցի Համոն» հրապարակման մեջ էլի կարդում ենք նույն պարբերությունը. «Բանգլադեշցի Համո» մականունով Աշոտ Ավետիսյանը  2004-ի ապրիլի 5-ին  «Ազգային միաբանություն» կուսակցության հանրահավաքի ժամանակ՝ «Նաիրի» կինոթատրոնի մոտ մի խումբ սափրագլուխների հետ ձվեր էր նետել Արտաշես Գեղամյանի վրա,  ջարդել էր այս փաստը նկարահանող լրագրողների ֆոտո եւ տեսախցիկները,  բռնություն գործադրել լրագրողների նկատմամբ: Ըստ տեղեկությունների, նա մասնակցել է նաև «Տեցի կրուգի» ՝ 2005-ի փետրվարի 4-ին տեղի ունեցած հայտնի «ռազբորկային», իսկ 2010-ին մահացու վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու»:

Շարքը դեռ ամբողջական չէ: 17:44-ին Mardik.am-ը հաղորդելով «Ոստիկանները ձերբակալել են «Բանգլադեշցի Համոյին»՝ էլի ներառեց նույն արտահայտությունները՝ նույն ձեւակերպումներով. «Հիշեցնենք, որ «Բանգլադեշցի Համո» մականունով Աշոտ Ավետիսյանը հանրությանը հայտնի դարձավ, երբ 2004-ի ապրիլի 5-ին, այն ժամանակ ընդդիմադիր «Ազգային միաբանություն» կուսակցության հանրահավաքի ժամանակ, «Նաիրի» կինոթատրոնի մոտ մի խումբ սափրագլուխների հետ ձվեր էր նետել Արտաշես Գեղամյանի վրա, նաև ջարդել դա նկարահանող լրագրողների ֆոտո և տեսախցիկները, նաև բռնություն գործադրել լրագրողների նկատմամբ: Նա մասնակցել է նաեւ «Տեցի կրուգի» հայտնի «ռազբորկային», իսկ 2010-ին մահացու ելքով վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու և փախել»:

Եվ վերջապես՝ ամենավերջում էլ Lragir.am-ը գրեց. «Հիշեցնենք, որ Բանգլադեշցի Համոյի անունը հայտնի դարձավ Երեւանում մի քանի աղմկոտ իրադարձություններից հետո: Մասնավորապես, նա մի քանի տարի առաջ ՏԷՑ-ի կռուգում տեղի ունեցած աղմկոտ ռազբորկայի «հերոսներից» էր, իսկ դրանից առաջ էլ աչքի էր ընկել 2004 թվականի ապրիլին, երբ մի խումբ այլ անձանց հետ ձվեր էր նետել Նաիրի կինոթատրոնի մոտ հանրահավաք անցկացնող Արտաշես Գեղամյանի վրա: Բանգլադեշցի Համոն 2010 թվականին նաեւ մահացու վրաերթի էր ենթարկել մի քաղաքացու ու փախել դեպքի վայրից»:

Ոչինչ չեմ ուզում հավելել: Գրեթե բոլոր այս կայքերում ես շատ սիրելի ընկերներ ունեմ, որոնք փորձառու լրագրողներ են, ու անհնար է նրանց մեղադրել մասնագիտական էթիկայի նորմերի չիմացության մեջ:

Բայց նաեւ վստահեցնում եմ, թե այդ երեք փաստը, որ հիշել էինք ես ու Գագիկը միասին՝ միակը չեն Բանգլադեշի Համոյի գործունեության մեջ, ու զարմանալի է, որ ձեւակերպումները, շատ մեղմ ասած՝ այդքան նույնն էին վերոհիշյալ բոլոր հրապարակումներում:

Եվ վերջինը՝ իմ սիրելի ընկեր Մեսրոպ Հարությունյանը դեռ վաղուց, երբ նոր էի սկսել անդրադառնալ կայքերում գրագողության երեւույթին (որից, որքան հասկացել եմ՝ տուժում են բոլորը) առաջարկեց մի գիտափորձ անել. միտումնավոր մի կեղծ լուր դնել շրջանառության մեջ ու տեսնել, թե քանիսը կընդգրկեն այն իրենց լրահոսում, որպես սեփական տեղեկատվություն: Ես ԱՌԱՅԺՄ հրաժարվում եմ այդ գիտափորձից:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Բլոգիս այս գրառումն արդեն պատրաստ էր, երբ «Առաջին լրատվականն» իրար հետեւից «փոխառեց» մեր երեք հրապարակումներ: Օրինակ՝ կարող էինք առաջարկել գտնել 3 տարբերություն ժամը 21.32-ի մեր  Դավիթ Հարությունյանը վերահաստատեց ՀՀ պատվիրակության դիրքորոշումը եւ այդ կայքի 22.21-ի  «Մենք չենք պատրաստվում մասնակցել ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին. Դ. Հարությունյան» հրապարակման մեջ: Դարձյալ վստահեցնում ենք, որ Դավիթ Հարությունյանը ԵԽԽՎ-ում ասել էր շատ ավելին, քան մենք էինք մեջբերել, եւ քան՝ առանց մեզ որեւէ հղում անելու, պատճենել էր «Առաջին լրատվականը»:

Հ. Հ. Գ. Մեր գրառումից հետո «Առաջին լրատվականը» կայքից հանել է եւ վերոհիշյալ հրապարակումը, եւ մեկ այլ հրապարակում, որն «Առավոտի»Վանո Սիրադեղյանի նախկին զինակիցը դիմել է հանրապետության նախագահին հրապարակման պատճենումն էր՝ առանց հղումի: Շնորհակալ ենք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031