ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը երեկ հարց ուղղեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին՝ Ֆրանսիայի սենատի կողմից քննարկվող Հայոց Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի նախագծի վերաբերյալ. «Չե՞ք կարծում, որ ցեղասպանությունները կանխարգելելու համար ԵԽ անդամ բոլոր երկրները պետք է ընդունեն եւ դատապատեն 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը։ Եւ ես այս ամբիոնից կոչ եմ անում առաջին հերթին Թուրքիային՝ ընդունել ու դատապարտել Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված զարհուրելի ցեղասպանությունը։ Ունեցե՜ք համարձակություն գիտակցելու եւ ընդունելու ճշմարտությունը»:
Ի պատասխան՝ պրն Յագլանդն ասաց. «Որպես Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար՝ ես դիրքորոշում չունեմ այս հարցի վերաբերյալ: Ես չեմ ցանկանում մեկնաբանել Ֆրանսիայում քննարկումը մեր կազմակերպության եւ անդամ երկրների անունից: Բայց որպես նախկինում Նորվեգիայի վարչապետ ու ԱԳ նախարար, խորհրդարանի խոսնակ ու Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ ես միշտ պնդել եմ, որ պատմությունը պատմաբանների եւ պատմության դասագրքերի համար է, եւ ես կողմնակից չեմ քաղաքական որոշումներ ընդունելու՝ պատմական իրադարձությունների վերաբերյալ:
Նշեմ, որ Թուրքիայի կառավարությունն առաջարկել է ստեղծել պատմաբանների հանձնաժողով՝ առաջ ընթանալու այս հարցում տեսակետների առնչությամբ, եւ, որ կընդունի այս հանձնաժողովի առաջարկները: Ես դիրքորոշում չունեմ այս առնչությամբ էլ: Ազգային խորհրդարանների եւ կառավարությունների գործն է այս խնդրին վերաբերմունք ունենալը: Սա չի քննարկվել Եվրոպայի խորհրդում»:
Քննարկվող օրինագծին անդրադարձ եղավ ԵԽԽՎ նստաշրջանում հնչած այլ ելույթներում էլ, որոնք կներկայացնենք առանձին հրապարակմամբ: