Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. Չավուշօղլուն անգամ ելույթս էր խանգարում

Հունվար 23,2012 23:57

ԵԽԽՎ բյուրոյի անդամ Հերմինե Նաղդալյանը, որն այդ մարմնում Հայաստանի միակ ներկայացուցիչն էր՝ «Առավոտին» մանրամասներ պատմեց Վեհաժողովի բյուրոյի՝ առավոտյան տեղի ունեցած նիստի մասին, որը վերջին անգամ նախագահել էր ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն: Ինչպես արդեն հաղորդել ենք՝ բյուրոն քննել էր ԼՂ հարցով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Խուկլա ի Կոստայի առաջարկը՝ հանձնաժողովի գործունեությունը եւս 1 տարով երկարաձգելու վերաբերյալ:

Հերմինե Նաղդալյանը պատմեց, որ Վեհաժողովի բյուրոյի նիստի իր ելույթում ասել է. «Բացարձակ անընդունելի եմ համարում, որ քննարկմանը հրավիրված չեն Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային պատվիրակությունների ղեկավարները»: Եվ առաջարկել է հետաձգել քննարկումն ու այն անցկացնել նրանց մասնակցությամբ. «Պրն Չավուշօղլուն փորձեց հնարավոր բոլոր փաստարկները ներկայացնել՝ տեխնիկական խնդիրներ կան, իրենց չենք հրավիրել, հիմա չենք կարող հետաձգել, բյուրոյի այս կազմն ավարտում է աշխատանքները՝ ինքն է ստեղծել այս հանձնաժողովը, ուստի պետք է ամփոփի: Սակայն ես պնդեցի, որ առաջարկս դրվի քվեարկության: Եվ Բյուրոյի անդամ շուրջ 9-10 երկրների ներկայացուցիչներ «կողմ» քվեարկեցին, սակայն ձայները չբավարարեցին, որ հետաձգվեր քննարկումը եւ հարցը մնաց օրակարգում»:

Դրանից հետո անցել են հարցի բովանդակային քննարկմանը: ԼՂ հարցով ժամանակավոր հանձնաժողովի նախագահը ներկայացրել է զեկույց՝ կատարված աշխատանքների վերաբերյալ: «Այն շատ փոքրիկ, մի էջանոց զեկույց էր,- ասաց մեր զրուցակիցը:- Միակողմանի էր, ոչ լիարժեք:  Ընդամենը նկարագրական մաս էր, թե քանի հանդիպում են նախաձեռնել, թե 2005-ից մինչ օրս քանի անգամ է այս հանձնաժողովը փորձել հանդիպել, բայց չի հաջողել ու նաեւ 2011 թվականի ընթացքում: Սկզբունքային, բովանդակային լուրջ բնույթի այն պատճառաբանությունը, որը ներկայացրել էր հայկական պատվիրակությունը՝ ներկայացված չէր զեկույցի մեջ: Ներկայացված էին միայն այն տեսակետները, որոնք հօգուտ հանձնաժողովի աշխատանքի երկարաձգման էին»:

Հերմինե Նաղդալյանը խոսել է Խուկլա ի Կոստայից հետո. «Ես հայտարարեցի, որ այդ զեկույցի մեջ չկա հայեցակարգային որեւէ վերլուծություն՝ այն դիրքորոշումների, որոնք ունեն կողմերը:  Եվ այն չէր էլ կարող լինել, քանի որ հանձնաժողովը որեւէ հաջողություն չի ունեցել եւ չէր էլ կարող ունենալ»: Նա ելույթում հիշեցրել է նաեւ, որ Հայաստանի պատվիրակությունն այլընտրանքային քայլեր էր առաջարկել՝ երկու պատվիրակությունների միջեւ վստահության վերականգնման ուղղությամբ, մասնավորապես՝ իրար դեմ մեղադրական ելույթների յուրօրինակ «զինադադարը», որը մեր պատվիրակությունը շարունակում է պահպանել միակողմանիորեն: Ոչ Ադրբեջանի պատվիրակությունը, ոչ ԼՂ հարցով այս հանձնաժողովը, ոչ ԵԽԽՎ արդեն նախկին նախագահ Մեւլութ Չավուշօղլուն, ըստ հայ պատվիրակի, չարձագանքեցին իրենց նախաձեռնությանը. «Այս ամենը մենք գնահատում ենք որպես շատ անհանգստացնող նշան, որը թույլ է տալիս մեզ կասկածել, թե իրականում ինչ դրդապատճառներ կան այս հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ»:

ԵԽԽՎ բյուրոյի անդամ հայ պատվիրակը հանգամանալից հիմնավորել է, որ հանձնաժողովի աշխատանքի եւս 1 տարով երկարաձգումը չունի տրամաբանական բացատրություն. «Եվ քանի որ պրն Չավուշօղլուն բացարձակ չէր հանդուրժում որեւէ այլ կարծիք հնչելու հնարավորություն ու անձնապես խանգարում էր անգամ խոսքիս՝ անընդհատ փորձում էր դադարեցնել ելույթս եւ զրկել արտահայտվելու հնարավորությունից՝ ստիպված եղա շատ կոշտ  պահանջել, որ Խուկլա ի Կոստայի առաջարկի փոխարեն՝ քվեարկության դրվի մեր առաջարկը, որ հանձնաժողովի կատարած աշխատանքը Բյուրոն համարում է անբավարար, աննպատակահարմար եւ անարդյունավետ, եւ այդ հիմքով՝ դադարեցվում է դրա գործունեությունը»:

Այս առաջարկից հետո պրն Չավուշօղլուն քվեարկության չի դրել ոչ Խուկլա ի Կոստայի, ոչ էլ Հերմինե Նաղդալյանի առաջարկը. «Այսպիսով, մենք ունեցանք մի իրավիճակ, որ ԵԽԽՎ բյուրոն քննարկեց այս հարցը, բայց առայժմ որեւէ որոշում չկայացրեց: Հանձնաժողովի աշխատանքների երկարաձգման հարցը մնաց առկախ»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031