Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ազդեցություն կունենա Ֆրանսիայի Սենատի որոշումը

Հունվար 23,2012 21:59

Ֆրանսիայի Սենատում արդեն ավարտվում է ցեղասպանությունների ժխտման վերաբերյալ քննարկումը: Սենատորների կարծիքները խիստ հակասական են:

Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի` Սենատի լիագումար նիստին ցեղասպանությունները քրեականացնող օրինագծի քննարկման ընթացքում կառավարության` խորհրդարանի հետ կապերի գծով նախարար Պատրիկ Օլիեն հայտարարել է, որ Ֆրանսիայի կառավարությունը վերահաստատում է անցած տարեվերջին արտահայտած իր դիրքորոշումը` ցեղասպանությունների ժխտումը երկրի տարածքում պետք է քրեորեն պատժելի լինի: «Ցեղասպանությունների քրեականացման օրինագիծը սպառնալիք չէ կարծիքների արտահայտման ազատության համար, քանի որ ուղղված է Հայոց ցեղասպանության փաստի վիճարկման ծայրահեղությունների դեմ»,- հայտարարել է սենատոր Էվրե Մարսելը` Ցենտրիստական եւ հանրապետական միությունից:

Սենատի օրենսդրական  հարցերի հանձնաժողովի նախագահ Ժան-Պիեռ Սյուեի տեսակետը հակառակն էր. «Այսօրվա թիվ մեկ հարցը հետեւյալ կերպ է հնչում` արդյոք քրեական օրենսգիրքը պե՞տք է որոշի, թե պատմական որ իրադարձությունն է ենթակա հանրային քննարկան եւ որը`ոչ: Արդյոք մեր` որպես օրենսդիրների, լիազորության շրջանակում է պատմական խնդիրներ վերհանելը»:

Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ եթե Ֆրանսիան հաստատի օրինագիծը, կնշանակի, որ այդ երկիրը շարունակում է իր քաղաքակրթական առաքելությունն իրականացնել: Նա գտնում է, որ եթե Ֆրանսիան դրական արձագանքի օրինագծին, շատ եվրոպական երկրներ կսկսեն ավելի լուրջ մտածել ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, եւ որոշ երկրներ նույնպես Ֆրանսիայի օրինակին հետեւելով՝ կսկսեն նաեւ ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ուղղությամբ քայլեր անել. «Ցեղասպանությունը, որը ծանրագույն հանցագործություն է մարդկության դեմ, եւ նրա ժխտումը քրեականացնելն ունի ոչ միայն բարոյական, այլեւ ապագային ուղղված որոշում կարող է լինել, քանի որ ցեղասպանությունները կանխարգելելու համար շատ լավ հնարավորություն է ստեղծում: Այդպիսով Ֆրանսիան երկու՝ բարոյական եւ քրեական գնահատական է տալիս նրանց, ովքեր ժխտում են ցեղասպանությունը: Քրեականացումը կունենա կարեւոր նշանակություն համաեվրոպական առումով, որովհետեւ եվրոպական շատ երկրներ Ֆրանսիան դիտարկում են որպես առաջատար երկիր եւ դա կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: Օրինագծի ընդունումով  սահմանափակվում է Թուրքիայի հնարավորությունները պետական մակարդակով Հայոց ցեղասպանությունը ժխտելու հարցում»:

Քննարկման ժամանակ, ինչպես նաեւ Ֆրանսիայի խորհրդարանում օրինագծի ընդունումից հետո թուրքական կողմից հնչում էին տեսակետներ, թե օրինագծի ընդունումը սահմանափակում է մարդու իրավունքները եւ խոսքի ազատությունը: Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ եթե օրինագիծն ընդունվի, ինքն այլեւս ոտք չի դնի Ֆրանսիա: Ռ. Սաֆրաստյանը չի կիսում այս կարծիքը: «Թուրքական քարոզչությունը տարբեր մակարդակներով փորձում է իրողությունը ենթարկել կեղծիքների եւ փորձում ցույց տալ, որ օրինագծի ընդունումը նշանակում է խոսքի ազատության սահմանափակում: Թուրքիայի նման երկիրը տնտեսական հզորությամբ այնքան է զիջում Ֆրանսիային, որ ինչ էլ անի՝վնասն ավելի շատ իրենը կլինի: Եվ դա թուրքերը շատ լավ հասկանում են, քանի որ 2000-ական թվականներին, երբ ֆրանսիական խորհրդարանը ընդունեց օրենք հայոց ցեղասպանության մասին, թուրքերը փորձեցին պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ, բայց դա տեւեց շատ կարճ եւ մի քանի ամիս հետո ամեն ինչ վերադարձավ, եւ առեւտուը երկու երկրների միջեւ ավելի զարգացավ: Այնպես որ կարծում եմ, որ այս անգամ էլ թուրքերը որոշակի քայլեր կձեռնարկեն, բայց Ֆրանսիան առանձնապես վնաս չի կրի, ավելի շատ վնաս կկրի Թուրքիան»,- եզրափակեց Ռ. Սաֆրաստյանը եւ հույս հայտնեց, որ Ֆրանսիայի Սենատն այնուամենայնիվ կհաստատի օրինագիծը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031