Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

11 կիլոգրամ թմրանյութ՝ ճամպրուկում

Հունվար 23,2012 17:26

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները տարեվերջին թմրանյութի ապօրինի ներկրման խոշոր դեպք են բացահայտել Մեղրիի մաքսակետում: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Ըստ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի, այս դեպքն աննախադեպ է մաքսային ծառայության ամբողջ պրակտիկայի ընթացքում. «2011թ. դեկտեմբերի 29-ին, գիշերը 2-ի սահմաններում Մեղրիի մաքսակետում նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Սաիդ Միլանիին պատկանող ուղեբեռը, արդյունքում ճամպրուկի թաքստոցից հայտնաբերվել է 11 կիլոգրամ 200 գրամ թմրանյութ»: Դեպքի առթիվ, ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրգործ եւ Սաիդ Միլանիի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Վահրամ Գուրողլյանի խոսքերով, Միլանին նախապես թմրանյութը փաթեթավորել էր հատուկ արտատպող թղթերի մեջ՝ մտածելով, որ կարող է խուսափել «Ռապիսկան» զննող սարքով բացահայտվելուց, սակայն թմրանյութը հաջողվել է հայտնաբերել:

Սույն քրգործով նախաքննությունը շարունակվում է: Ըստ նույն աղբյուրի, նախաբացթողումային հսկողության վարչության փորձը ցույց է տվել, որ թմրամիջոցի ապօրինի ներկրման դեպքեր ավելի շատ հայտնաբերվում են հարավային սահմանային անցակետում. «Թմրանյութի ներկրման դեպքերը հիմնականում բացահայտում ենք հայիրանական սահմանի վրա՝ Մեղրիի մաքսակետում: Միայն 2011 թվականի ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 10 նման դեպք»,-ասում է Վահրամ Գուրողլյանը:

Առանձնակի խոշոր 3 դեպքերով էլ, նույնպես ապօրինի ներկրման փորձ, կատարել են Իրանի 3 քաղաքացի՝ տեղափոխելով թմրանյութ եւ հոգեմետ դեղորայք:

Նախաբացթղումային հսկողության վարչության աշխատակիցները նաեւ ծանրոցների միջոցով թմրանյութի եւ հոգեմետ դեղերի ներկրման 2 փորձ են կանխել, ինչը փաստում է, որ  այդ ուղին եւս գտնվում է մաքսային խիստ հսկողության ներքո: Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի հավաստմամբ, թմրանյութ տեղափոխող մաքսանենգները դիմում են տարբեր մեթոդների՝ օգտագործելով զանազան թաքստոցներ, անգամ՝ սեփական մարմինը. «Մեր պրակտիկայում մարմնի մեջ թմրանյութի տեղափոխման բազմաթիվ դեպքեր ենք բացահայտել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ»:

Նշենք, որ 2011թ. Ընթացքում, նախաբացթողումային հսկողության վարչությունը մաքսային կանոնների խախտման շուրջ 500 դեպք է բացահայտել. 21 դեպքով հայտնաբերվել է բեռի թերի հայտարարագրում, 28 դեպքով էլ մաքսային ապահովման միջոցների բացակայություն կամ խախտում, իսկ 38 դեպքով արձանագրվել է քաշի, քանակի, ապրանքատեսակի եւ ծագման երկրի սխալ հայտարարագրում: Հայտնաբերվել է նաեւ մաքսային հսկողության համար սահմանված ժամկետի խախտման 413 դեպք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031