Այսօր ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը ժ.15-ին պետք է լսեր Ելենա Սողոմոնյանի, Լիլյա Բաղդասարովայի եւ Աննա Ղազարյանի վերաքննիչ բողոքները: Վերաքննիչ բողոք էր բերել նաեւ Երեւանի դատախազության դատախազ պարոն Երիցյանը:
Նրանք բողոքարկում են Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա նոյեմբերի 22-ի դատավճիռը: Այդ դատավճռով Սողոմոնյանն ու Բաղդասարովան դատապարտվել են 6-ական տարվա ազատազրկման, իսկ Աննա Ղազարյանը, որը ստորագրություն է տվել քաղաքից չբացակայելու մասին՝ 2 տարվա ազատազրկման:
Լիլյա Բաղդասարովան, որը նաեւ հայտնի է «Կարիճ» մականունով, հայտնի է «Որբեր» սերիալից. թմրամոլ աղջկա դերն էր խաղում: Ելենա Սողոմոնյանը, ճիշտ է, սերիալում չի խաղացել, սակայն նույնպես մականուն ունի՝«Փիղ»:
Մականունավոր կանայք դաժան ծեծի էին ենթարկել իրենց ընկերուհիներից մեկին, որի շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Արմեն Ումրշատյանը: Ի դեպ, նա նույնպես դատական նիստից բացակայում էր: Քրեական գործը հարուցվել է Քրօրի 1112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Կարդացեք նաև
Սերիալի հերոսուհին դատարանում ունի իր թարգմանը՝ Վարդուհի Շահինյանը, որը, սակայն, դատարան չէր ներկայացել եւ ամբաստանյալին չէր ուղարկել նաեւ դատավճռի ռուսերեն թարգմանությունն ու վերաքննիչ բողոքները:
Նախագահող դատավոր Գագիկ Ավետիսյանը նկատեց, որ դատավճռի թարգմանության բեռը ընկած էր Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանի վրա, եւ որ չթարգմանելով, «վերաքննիչին փորձում են պրոբլեմի մեջ ներքաշել»:
Դատական նիստն այդ իսկ պատճառով հետաձգվեց:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ