Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ ՌԴ նախագահների հանդիպումը

Հունվար 23,2012 16:37

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Երկկողմ հանդիպմանը հաջորդել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ժամանակ քննարկվել են առևտրատնտեսական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում երկու երկրների փոխգործակցությանն  ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել համագործակցության 2011թ. արդյունքներին ու երկկողմ կապերի առավել ամրապնդմանն ուղղված զարգացման հետագա ծրագրերին:

«Հարգելի՛ Սերժ Ազատի, մեզ մոտ արդեն բարի ավանդույթ է ձևավորվել ձմռանը Սոչիում, լեռներում հանդիպել: Եվ ես դա խորհրդանշական եմ համարում: Մենք այժմ կքննարկենք հայ-ռուսական փոխգործակցության ընթացիկ վիճակը, կխոսենք այն մասին, թե ինչպես ավարտվեց անցած տարին: Այն վատ չի ավարտվել և՛ առևտրաշրջանառության, և՛ մեր համագործակցության տարբեր տեսանկյուններից՝ սկսած տնտեսականից, վերջացրած ռազմատեխնիկականից:  Եթե խոսելու լինենք ապագայի մասին, ապա բացի ավանդական բիզնեսի զարգացումից, որն առանց այդ էլ ներթափանցում է հայ-ռուսական փոխգործակցության ամբողջ դաշտը, անհրաժեշտ է մտածել խոշոր նախագծերի մասին:

Երկկողմ հարաբերություններից բացի, առաջարկում եմ քննարկել տարածաշրջանային խնդիրներ: Կյանքը բավականաչափ բարդ է, կան մի ամբողջ շարք ոչ դյուրին մարտահրավերներ, այդ թվում՝ մեր տարածաշրջանում: Հետո մենք Ձեզ հետ կշարունակենք տարածաշրջանային շատ բարդ խնդիրներից մեկի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի քննարկումն արդեն մեր ադրբեջանցի գործընկերոջ ներկայությամբ: 

Սրտանց ողջունում եմ Ձեզ և շատ ուրախ եմ Ձեզ կրկին տեսնել Սոչիում»,-Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին՝ հրավերքի և այն ջանքերի համար, որ ՌԴ նախագահը ներդնում է ղարաբաղյան խնդրի լուծման ուղղությամբ:

«Այս հանդիպումներն իսկապես դարձել են ավանդական, դրանք շատ օգտակար են: Շնորհակալություն Ձեզ այն ջանքերի համար, որոնք Դուք ներդնում եք ղարաբաղյան խնդրի լուծման ուղղությամբ: Իրոք, և՛ այս հանդիպումները, և՛ Ձեր ջանքերը, և՛ այն ժամանակը, որ Դուք հատկացնում եք այս խնդրի լուծմանը, թույլ են տալիս Հարավային Կովկասում ունենալ քիչ թե շատ վերահսկելի իրադրություն: Դրա համար էլ դրանք շատ օգտակար են, և, բնականաբար, սա լավ հնարավորություն է քննարկելու մեր երկկողմ հարցերը:

Ես լիովին կիսում եմ այն տեսակետը, որ անցած տարին մենք վատ չենք ավարտել: Ամեն դեպքում, մոտավորապես 15 տոկոս աճել է առևտրաշրջանառությունը: Դա էական է: Շնորհակալություն մեծ նախագծեր քննարկելու պատրաստակամության համար: Մեզ համար դա շատ կարևոր է»,- ՌԴ նախագահին ասել է Սերժ Սարգսյանը:

Սոչիում քիչ առաջ ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031