Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Թոփչյանը չի լքի Հայաստանը

Հունվար 23,2012 16:35

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին Հայաստանի պետական Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը եւ ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը` ներկայացնելով նվագախմբի առաջիկա ծրագրերը: Ռ. Սիրունյանի հավաստմամբ` մինչ այսօր ՀՊՖՆ-ը հանգիստ նստած չէր եւ տոնական օրերին պատրաստվում էր առաջիկա համերգներին. «Արդեն կազմել ենք ծրագրերը, տարին կլինի խոստումնալից»:

Էդուարդ Թոփչյանը կրկին հերքեց այն տեղեկությունը, թե ինքը հեռանում է Հայաստանից. «Ես տարին 2.5 ամիս լինում եմ Իսպանիայում` ըստ պայմանագրի: Ինձ լավ պայմաններ են առաջարկել, բայց հրաժարվել եմ` Ֆիլհարմոնիկի կողքին լինելու համար»:

Դիրիժորը նշեց, որ նվագախումբն արդեն կորցրել է մի քանի երաժիշտ, քանի որ դրսում առավել լավ պայմաններ են առաջարկվել. «Եվ դա բնական է, բայց հերիք է մեզանից գնան, մի քանի հոգի էլ մենք ներմուծենք. 5-6 ամսով այստեղ կաշխատի իսպանացի վալտորնահար Էնրիկոն»:

Ինչպես տեղեկացրեց գեղարվեստական ղեկավարը, ՀՊՖՆ-ը համերգներ է տալիս յուրաքանչյուր ուրբաթ, իսկ տարվա ընթացքում սպասվում է մոտ 46 համերգ` չկրկնվող ծրագրով: Փետրվարի 11-12-ը Արտ Expo-ի շրջանակներում տեղի կունենա ՀՊՖՆ-ի նոր կայքի շնորհանդեսը: Մարտի 27-ին սպասվում են Հովհաննես Չեքիջյանի հետ հյուրախաղեր՝ Դուբայում, սեպտեմբերից հոկտեմբերը կանցկացվի Երեւանյան փառատոն եւ այլն: Սպասվում են հյուրախաղեր Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում, Իսպանիայում:

Ինչպես նշեց Էդ. Թոփչյանը, 2011-ը տոմսերի վաճառքի առումով շատ ավելի լավ տարի էր, սակայն առկա է հանդիսատեսի պակասի խնդիր. «Էլ ավելի շատ ունկնդիր պետք է սիրի եւ մոտենա դասական երաժշտությանը: Ուրախ եմ, որ ունկնդիրների մասն են կազմում երիտասարդները, այն էլ` կոնսերվատորիայից»:

Գեղարվեստական ղեկավարը ծրագրում է սեպտեմբերին բացել երաժշտական ակադեմիա. «Նահանջելու տեղ չունենք, պետք է հիմքը դնենք, որ հետագայում ունենանք պատրաստի երաժիշտներ»: Ռուզաննա Սիրունյանը հավելեց, որ ակադեմիան վճարովի չի լինելու. «Մեր գերնպատակն է ունենալ ֆոնդ, որի տոկոսները կներդրվեն ակադեմիայի ստեղծման, գործիքների գննման եւ երաժիշտներին վճարելու հարցերում»:

Փետրվարի 13-ին տեղի կունենա նվագախմբի առաջին համերգը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031