ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր ասել է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում «էական դժվարությունների» առկայության մասին: Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով ՌԴ նախագահի կայքը, Դմիտրի Մեդվեդեւն ասել է այս մասին Սոչիում` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ:
Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ եռակողմ ձեւաչափով հանդիպումների ընթացքում «մեզ հաջողվել է ինչ-որ տեղ առաջխաղացում արձանագրել, ինչ-որ տեղ էլ դեռեւս առկա են էական դժվարություններ, բայց ես կարծում եմ, որ այս երկխոսությունն օգտակար է, եւ հույս ունեմ, որ այս տեսակի կապերը հետագայում կշարունակվեն»:
Իլհամ Ալիեւն իր հերթին երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի նախագահին` ԼՂ կարգավորման գործում ներդրած ջանքերի համար:
«Ինչպես նշեցիք, կային հուսադրող պահեր, կային պահեր, որոնք ուժեղացնում էին հոռետեսության զգացումը, սակայն գործընթացը շարունակվում է: Եվ այն, որ Դուք շարունակում եք ջանքեր ներդնել, դա նույնպես լրացուցիչ լավատեսություն է ներշնչում: Ադրբեջանը շահագրգռված է հակամարտության շուտափույթ կարգավորմամբ, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն տիրի»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը:
Կարդացեք նաև
Ներկայումս Սոչիում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը: