Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սկանդալ. Իրավաբանները եւ իրավապաշտպանները դուրս կգան փաստաբանների դեմ

Հունվար 23,2012 16:04

Հունվարի 19-ից ուժի մեջ է մտել «Փաստաբանության գործունեության մասին» օրենքի փոփոխությունը, փոփոխություններ են կատարվել նաեւ քաղաքացիական դատավարության օրենսգրքում: Դա առաջացրել է իրավաբանական գրասենյակների, իրավապաշտպան կառույցների զայրույթը, եւ նրանք փորձում են մշակել մարտավարություն սահմանադրական դատարան դիմելու համար:Իրավաբանական գրասենյակների ղեկավարների գնահատմամբ.«Փաստաբանները լոբբինգ են անում, նպատակ ունենալով, որպեսզի իրավաբանական ծառայություն մատուցեն միայն իրենք» կամ, որպեսզի մնացած իրավաբանները հայտնվեն խաղից դուրս: Պատգամավորների նպատակն էլ բոլորին հարկային դաշտ բերելն էր:
Իրականում, դատարանի մատչելիության սկզբունքը խախտվում է: Դատարանը մատչելի պիտի լինի բոլորին: Իրավաբանների կարծիքով, ստացվում է, որ «Եթե ես Արսենն եմ, մի անգամ իրավաբանական օգնություն եմ ցույց տվել Ռուզանին, երկրորդ անգամ իրավաբանական օգնություն ընկերոջս՝ Կարենին չեմ կարող ցույց տալ»:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40 հոդվածի համաձայն./«Անձինք, որոնք կարող են ներկայացուցիչներ լինել դատարանում»/.«Դատարանում ներկայացուցիչ կարող են լինել.
1.Դատարանում գործը վարելու պատշաճ ձեւակերպած լիազորություն ունեցող ցանկացած գործունակ քաղաքացի, բացառությամբ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված դեպքերի»:
Դրանով իսկ ՀՀ քաղ.դատի մեջ հղում է կատարվում «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի վրա: Իսկ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն, բնորոշվում է ոլորտը, թե ինչ պիտի կարգավորվի.«Սույն օրենքը սահմանում է ՀՀ-ում փաստաբանական գործունեություն իրականացնելու եւ փաստաբանների մասնագիտական միավորում կազմակերպելու հիմունքները, եւ այդ գործունեության իրականացման կարգը»: Իսկ նույն օրենքի 5-րդ հոդվածը, որը փոփոխվել է, սահմանում է հետեւյալը. «Փաստաբանական գործունեությունը իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն իրականացնում է փաստաբանը, եւ ուղղված է իրավաբանական օգնություն ստացող անձի իրավունքների, ազատությունների եւ շահերի իրականացմանն ու պաշտպանությանը, օրենքով չարգելված բոլոր միջոցներով ու եղանակներով:
2.Փաստաբանը կարող է իրականացնել հետեւյալ գործունեությունը.
Խորհրդատվություն, ներառյալ վստահորդներին խորհրդատվություն տրամադրելը, նրանց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ, փաստաթղթերի ուսումնասիրումը,իրավաբանական այլ փաստաթղթերի կազմումը:
Ներկայացուցչությունն ապահովվում է. Դատական գործերով, Քրեական գործերով պաշտպանություն, օրենքով նախատեսված դեպքում եւ կարգով վկային իրավաբանական օգնություն ցույց տալը:
Սույն հոդվածով նախատեսված դատական ներկայացուցչությունը կամ դրա կազմակերպումը որպես պարբերաբար կամ վճարովի հիմունքներով մատուցվող ծառայություն է եւ կարող է իրականացնել միայն փաստաբանը: Բացառությամբ. մերձավոր ազգականի, այդ թվում՝ ծնողի, զավակի, որդեգրողի, որդեգրվածի, հարազատ կամ ոչ հարազատ՝ համամայր կամ համահայր, եղբոր կամ քրոջ, տատի, պապի, թոռան, ինչպես նաեւ ամուսնու կամ ամուսնու ծնողի, փեսայի կամ հարսի համար անվճար իրավաբանական ծառայություն ներկայացնելու դեպքերի:
Մերձավոր ազգականներին կանոնադրական կապիտալի կեսից ավել բաժնեմասերը պատկանող իրավաբանական անձի շահերը դատարանում ներկայացնելու դեպքերի: Սույն հոդվածով նախատեսված քրեական գործերով պաշտպանությունը կարող է իրականացնել միայն փաստաբանը: «Փաստաբանական գործունեություն չի համարվում փաստաբանի կողմից աշխատանքային պայմանագրի հիման վրա գործատուին իրավաբանական օգնություն ցույց տալը, բացառությամբ, փաստաբանի մոտ աշխատող փաստաբանի կողմից իրականացվող գործունեության»:
«Ստեփան Սան» իրավաբանական գրասենյակի պատասխանատու, իրավաբան Արսեն Մկրտչյանի դիտարկմամբ.«Քողարկել են, թե բոլորին տանում են հարկային դաշտ: Ես իմ աշխատողին պայմանագրով ուղարկել եմ դատարան ներկայացուցչություն անելու: Հիմա հարց է ծագում. Վճարովի՞ է, թե՞ ոչ: Ինչպես կարող է անվճար լինել: Օրենքն էլ ասում է՝ պարբերաբար իրավունք չունի: Օրենքը հունվարի 19-ից մտել է օրինական ուժի մեջ եւ ենթակա է կիրառման: Պարզաբանված չէ, թե նախկինում վերցված գործերը ինչ է լինելու»: Մեր դիտարկմամբ, նույն փակուղու մեջ կարող են հայտնվել նաեւ իրավաբանական գրասենյակների հետ նաեւ իրավապաշտպան գրասենյակները, ուր աշխատում են նաեւ համալսարանական կրթություն ստացած իրավաբաններ:
«Օրենքում գրել են. «չի կարելի», «չի կարող լինել»/«Փաստաբանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մաս/:Եթե միայն փաստաբանը կարող է վճարովի հիմունքներով ծառայություն մատուցել, ինչո՞ւ չի գրված, թե «չփաստաբանի» կողմից ծառայություն մատուցելը ինչ հետեւանք կարող է ունենալ», հարցնում է Արսեն Մկրտչյանը:
ՀՀ փաստաբանների պալատի տրամաբանությամբ , իրավաբանական ծառայություն մատուցող ընկերության հիմնադիրը կամ տնօրենը պետք է լինի փաստաբան: Հետեւաբար, անցնի նրանց պալատի թրի տակով: Իրավաբանական ծառայությունը լիցենզավորված գործունեություն է եւ ստացվել է, որ դատական ներկայացուցչությունը վերցրեցին շարքային քաղաքացիների ձեռքից:
«Դա միայն իրավաբաններին չի վերաբերում: Դա նաեւ վերաբերում է լրագրողներին, որոնք կարող են ներկայացուցիչ դառնալ դատարանում, տնտեսական հարցերով տաղանդավոր հաշվապահներին, ինչու չէ՝ բժիշկներին, որոնք հանդես են գալիս դատարաններում» հավելում է իրավաբանը:
Պալատում հայտարարում են, թե նման օրենք գործում է Ռուսաստանում, Վրաստանում: Հետո, ինչ: Ո՞ր երկրների հետ եք համեմատվում:
Ուշագրավ մի դիտարկում. տաքսու վարորդը, որը պիտի արտոնագրվի, նոր քննություն չի հանձնում: Պահանջվում է միայն դեղին համար, համապատասխան դրոշմանիշ, հաշվիչ, համապատասխան մեքենա: Սա այն մասնագիտությունն է, որը գործ ունի մարդկային կյանքի հետ: Իրավաբանին, որն ավարտել է պետական համալսարանը, պետական կառույցը կամ պետությունը, այլ՝ ոչ պետական կառույցը՝ ՀՀ փաստաբանների պալատը, ասում է՝ արի, գիտելիքդ ստուգեմ, քննությունների ու տեստավորման միջոցով:
Հայաստանում չկա նման մի այլ կազմակերպություն, որն արտոնագրելու համար քննություն հանձնի ոչ պետական կառույցի մոտ:
Այս հարցն առնչվում է նաեւ դատարանում կողմերի հավասարության հիմքունքների հետ: Դատախազն ավարտում է պետական ԲՈՒՀ-ի իրավաբանական ֆակուլտետը, եւ պետության կողմից լիազորված է գալ, մասնակցել դատական քննությանը, մյուս կողմից էլ իրավաբանական ավարտածը ոչ պետական կառույցի կողմից/, որտեղ նաեւ կոոպերատիվ բուհ-երի իրավաբանականը ավարտածներն են/, արտոնագիր ունենալով է մասնակցում դատաքննությանը:
«Արտոնագրման իրավունք պետք է ունենան միայն պետական կառույցները». հավելում է զրուցակիցս: Իրավաբանական եւ իրավապաշտպան գրասենյակները ցնցված են եւ մտադիր են դիմել ՀՀ սահմանադրական դատարան:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. «Սովորաբար լրագրողն է հարց տալիս: Ինչպե՞ս կզգար լրագրողը, եթե պարզվեր, որ ստեղծվել է նոր լրագրողական միություն, որպեսզի «Առավոտում» կամ մի այլ թերթում տպագրվեր, պարտավոր է ԲՈՒՀ-ը ավարտելուց հետո անպայման այդ կազմակերպությունը ավարտել», եզրափակում է Ա.Մկրտչյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031