«Ռեպը հոգեվիճակ է». պնդում են աշխարհի բոլոր ռեպերները. հոգեվիճակ, որով կարողանում են արտահայտել իրենց մտքերը:
14-ամյա Արամն իրեն սկսնակ ռեպեր է համարում, բայց իր խոսքով` իր կյանքում ռեպն արդեն մեծ տեղ ունի:
«Ռեպն իմ համար կյանք ա,-ասում է նա,-արտահայտվելու միջոց: Երգերումս ուրիշների նման չեմ բողոքվում, ինքս գրում եմ երգերս, ինքս էլ կարդում եմ»:
Արամը դեռևս հինգ երգ ունի, բայց պատրաստվում է դեռ շատ նոր երգեր գրել:
«Երգում եմ կյանքի մասին, մարդկանց մասին, մեկ-մեկ էլ անհնարինի ու կախարդական բաների մասին: Երբ որ կյանքի դժվարություններն ու անարդարություններն եմ տենում, անկախ ինձանից՝ սկսում եմ գրել ու տենց են ծնվում երգերս: Իմ երգերն առաջին անգամ լսում ու գնահատում են ընկերներս, նրանք իմ առաջին քննադատներն են»:
Հայկական ռեպն Արամի համար դեռ զարգացման ճանապարհին է:
«Հայկական ռեպն արագ զարգանում ա, բայց շատ դեպքերում հիասթափվում ես որակից: Իմ սիրած ռեպերներն ամեն դեպքում հայ չեն, Lil Wayn-ին ու Kid Kudi-ին եմ սիրում, իսկ հայերից ով դուրս ա գալիս, ուղղակի լսում եմ: Կան մարդիկ, որոնք ուզում են զարգացնեն ռեպը»:
Արամը պատմում է, որ իրեն նախանձողները շատ են:
«Շատ ա եղել, որ ոմանք վատություն անելու համար ասել են, որ վատ ա էն, ինչ ես եմ անում, բայց հասկացել եմ, որ նախանձից են ասում ու ուշադրություն չեմ դարձրել: Համենայն դեպս՝ ես ասելիք ունեմ, դրա համար եմ ռեպեր, հիփ-հոփ ոճի մեջ եմ երգում»:- ասում է նա:
Արամի երազանքներն էլ են կապված ռեպի հետ:
«Երազում եմ հասնեմ նպատակիս, այսինքն իմ գործը ճիշտ ժամանակին անեմ ու ամենակարևորը անեմ»:
Արամը մոտ ապագայում պատրաստվում է իր երգերի առաջին CD-ն թողարկել:
«Կողքիս ուղղակի լավ ընկեր կա, որն ինձ օգնում է նման հարցերում: Հուսով եմ, որ չնայած տարիքիս` մարդիկ կլսեն ու կհասկանան ինձ, հատկապես նոր սերննդի ներկայացուցիչները»:
Արամի ապագա երկրպագու` Մերի Խաչատրյան 🙂