Դերասան Խորեն Լեւոնյանի հետ հանդիպումը տեղի ունեցավ երեւանյան սրճարաններից մեկում: Զրույցը հետաքրքիր էր. պարզեցինք՝ նշանակվել է հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի տնօրեն, խոսեցինք նրա ստեղծագործական կյանքից, նոր ծրագրերից, սերիալներում նկարահանվելու նրա վերաբերմունքից, հասկացանք նրա արձագանքը որոշ երեւույթների նկատմամբ 😉 :
Խորեն Լեւոնյանը տարին սկսում է նոր «կոչումով». հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայի տնօրեն է նշանակվել: Ծրագրեր շատ ունի, ասում է պատասխանատու գործ է: Կառույցում իրենից առաջ գործեր արվել են, հիմա ինքը պետք է շարունակի, հուսով է՝ իրենից հետո էլ շատ բաներ կարվեն. «Շատ հետաքրքիր ֆիլմեր կան, որ դեռ պետք է թվայնացնենք: Պատրաստվում ենք Հանրայինի հետ համատեղ գործ սկսել` պետք է մինիսերիալ նկարահանենք, շատ բան կա անելու, կաշխատենք,- ասում է նա, կատակում,- որովհետեւ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն»:
Արդեն մոտ երկու տարի է՝ հայկական ֆիլմերում եւ թատրոնում դերասանին չենք տեսնում, այդ մասին ինքն ասում է. «Երեւի ռեժիսորները չեն գտել մի դեր, որ ես կխաղամ»: Այսօրվա կինոյի վիճակն էլ համարում է աղետալի, պատճառն էլ համարում է «բացթողումը». «Երեւի մարդ չկա, որ ասի` ինչն է կարեւոր, ինչը` ոչ: Մտածում են փողի մասին, դրանով գումար են աշխատում, բայց մոռանում են այն սերունդի մասին, որ վաղը գալու է: Մեր մանկության հերոսները ուրիշ էին, հիմա դրանք փոխվել են: Այն, ինչ որ այսօր ցույց են տալիս հեռուստատեսությամբ, երեխաները ցանկանում են կրկնօրինակել, եթե այդպես շարունակվի, մեր եւ ձեր երեխաները վաղը կլքեն երկիրը»,- անհանգստանում է դերասանը: Ասում է՝ երբեւէ սերիալներում նկարահանվելու առաջարկ չի ստացել. «Ես շատ պատճառ կարող եմ ասել, բայց դա ….»,- չի ցանկանում շարունակել դերասանը:
Հայկական ֆիլմերում վերջերս չի նկարահանվել, բայց անցած տարի խաղացել է էպիզոդիկ մի դեր՝ ռուսական «Пять невест» ֆիլմում. «Մոսկվայում ֆիլմի շատ մեծ պրեմիերա եղավ, գլխավոր դերերում Դանիել Կոզլովսկին եւ Լինա Բոյարսկայան են: Շատ հետաքրքիր ֆիլմ է, ռեժիսորը հայ է` Կարեն Հովհաննիսյանը, հայկական հումորով է, 1945թ պատերազմի տարիների մասին է, շուտով հայկական հեուստաեթերում էլ կհայտնվի»,- ասում է Խորեն Լեւոնյանը: Ռուսական ֆիլմում նկարահանվելը շատ բան տվեց հայ դերասանին. «Երբ նստեցի ինքնաթիռ, ցանկանում էի, որ ինքնաթիռս ընկներ, խորտակվեր, չէի ուզում վերադառնալ, այնտեղ անվերջ կարող էի նոր բան սովորել»: «Пять невест» -ում նկարահանվելուց հետո նոր առաջարկներ եղել են, դրանք քննարկվում են, բայց որոշ առաջրակներին էլ դերասանն ընդառաջ չի գնացել. «Թող գոռոզ չհնչի, բաներ կան, որ ես չեմ համաձայնվի անել»,- ասում է նա:
Հանրային հեռոււստաընկերությունում աշխատելուց Խորեն Լեւոնյանը երբեք չի հրաժարվել, այլ հեռուստաընկերություններից էլ հրավերներ չի ստացել. «Որովհետեւ հիմա բոլորը բոլորին բաժանել են իրար մեջ, կան թագավորություններ եւ ծառաներ, եւ այս մեկը չպետք է այստեղ գնա, մյուսը՝ մեկ ուրիշ տեղ»,- ասում է նա:
Դերասանի վերջին հանգրվանը թատրոնն է: Այդ մտքի հետ համաձայն է Խորեն Լեւոնյանը: Վերջին տարիներին էլ խաղաց «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» ներկայացման մեջ: Լսարանը ներկայացումն միատեսակ չընկալեց, եղավ նաեւ բացասական վերաբերմունք. «Իրավունք ունեն ցածր գնահատելու, բայց չհավանելուց, թող չհավանեն այսօրվա սերիալները: Կարելի է այդ ամենին զգույշ մոտենալ, բոլորը հակված են վատը տեսնելու: Ինչքան ուրիշներն էին իմ խաղի մեջ վատը տեսել, ես դրա կրկնակին եմ տեսել, ես էլ եմ իմ արածին քննադատաբար վերաբերում, բայց գուցե այսօրվա եղածի հետ համեմատելով՝ իմ արածն այնքան էլ վատը չլինի»,- կարծում է դերասանը:
Խորեն Լեւոնյանն ասում է. «Դերասանի համար ամենակարեւոր բանը մարդկանց մտքերում ինչ-որ բան փոխելն է»: Փոքր-ինչ կաշկանդվում, բայց հպարտություն է զգում, երբ նրան նմանեցնում են պապիկին. «Բոլորը մտածում են`ես պետք է լինեմ այնպես, ինչպես Խորեն Աբրահամյանն էր, բայց չեն հասկանում, որ մարդիկ տարբեր են: Բայց պապիկիս նմանությունը մեծ հպարտություն է, նաեւ պատասխանատվություն, որ բաներ կան արդեն արված են, եթե չես կարող ավելի լավ անել, ուրեմն ավելի վատ մի՜ արա»,- ասում է նա: Դերասանն իրեն հպարտ եւ գոռոզ չի համարում: Զարմանում է մեր դիտարկումից՝ նրան շատերը սիրում են, բայց միեւնույն ժամանակ համարում հպարտ, գոռոզ. «Ի՞նչ անեմ, փողոցում խեղճուկրակ կանգնե՞մ, որ մարդիկ մտածեն՝ ես գոռոզ չեմ»,- ասում է նա՝ ավելացնում՝ երբեւէ չի մտածել եւ չի ցանկացել մարդկանց մոտ նման տպավորություն ստեղծել: Իր անձնական կյանքի մասին չի ցանկանում խոսել, այն հրապարակային դարձնել. «Գիտե՞ք՝ ավելի ճիշտ է խոսել, թե մարդ ինչ է ստեղծում: Բոլորին հետաքրքրում է՝ ես ի՞նչ եմ անում, ու՞մ հետ եւ որտե՞ղ, բայց գուցե ես առողջական խնդիրներ ունե՞մ,- վրդովվում է դերասանը,- ես մի բան եմ ուզում ասել այն լրագրողներին, ովքեր ինչ-որ բան են փորփրում, որ իրենց սենսացիան ավելի ուժեղ լինի, իրենց թերթը լավ վաճառվի, թող իմանան, որ կարող է մի լուր տպագրեն, որ մեկին վնասի, առողջական խնդիրներ առաջացնի: Ամեն ինչին ձեւ կա, չափ, ինչի՞ են պարտադիր կեսին դարձնում ազգի հերոս, իսկ կեսի երեսին ցեխ շպրտում»: Երգչուհի Լիլիթի հետ հարաբերությունների մասին էլ չի ցանկանում խոսել, արդեն մեկ անգամ հայտնել է, հիմա էլ ասում է. «Ամեն ինչի դեղն ու դարմանը ժամանակն է, ժամանակն էլ ամեն ինչ կորոշի: Իմ կյանքը միայն իմն է, ես չեմ պատրաստվում մարդկանց այդ մասին պատմել»:
Հռիփսիմե Հովհաննիսյան