Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեւքարի դպրոցի տնօրենը պարզաբանումներ եւ հրաժարական է տվել

Հունվար 23,2012 15:06

 

Սեւքարի դպրոցի տնօրեն Սամվել Ճաղարյանը պարզաբանումներ տվեց վերջին 5 օրերին դպրոցում տեղի ունեցած դասադուլի վերաբերյալ: Հիշեցնենք, որ ծնունդով Ենոքավան գյուղից, Դավիթ Գաբրիելյանն արդեն 4 տարի Սեւքարի նախկին գյուղխորհրդի շենքի երկրորդ հարկում երեխաներին սամբո է ուսուցանում: Մարզիչն ասում է, որ պարապմունքների համար ամսական 1000-2000 դրամ (կախված ծնողների սոցիալական վիճակից) վարձ է գանձում: Նրա վկայությամբ` իր 80 սաներից ոմանք չեն կարողանում վճարել այդ գումարը: Մարզիչը հպարտությամբ է պատմում սաների նվաճումների մասին, նրանք Հայաստանի մանկապատանեկան առաջնություններում, զանազան մրցաշարերում հասել են հաջողությունների:

Մոտ մեկ տարի առաջ Սեւքարի դպրոցի տնօրեն Սամվել Ճաղարյանը Դավիթ Գաբրիելյանին առաջարկել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատել ու նաեւ սամբոյի պարապմունքներն այնտեղ անցկացնել, սակայն մերժում է ստացել: Դրանից հետո, ըստ մարզչի, դպրոցի տնօրենի ցուցումով դպրոցի ուսուցիչները սկսել են սամբո մարզաձեւի եւ դրա խմբակի դեմ հակաքարոզչություն անել:

Այս մասին գրել ենք անառողջ զարգացումների հենց առաջին օրվանից: Վերջին հրապարակումն էր՝ հունվար 19-ին. «Սեւքարում դասադուլը շարունակվում է»:

Մեր զրուցում տնօրեն Սամվել Ճաղարյանն ասաց, որ իր ղեկավարած կրթօխջախը միշտ առաջնորդվել է հանրակրթության վերաբերյալ օրենքներով, որ նախկինում վերադասի կողմից դպրոցում կատարած ստուգումները չեն հայտնաբերել ոչ մի խախտում: Այդ առումով Սեւքարի դպրոցը մարզում եզակիներից է: Տնօրենն ասաց, որ նախորդ կիսամյակում սամբո հաճախող երեխաների ուսման առաջադիմության եւ վարքի մեջ անկում է նկատվել, որ այդ մարզաձեւի պարապմունքներին հաճախող երեխաները կոտրել են դպրոցական գույքը: Տնօրենը հայտնեց, որ դեկտեմբերին կայացած մանկավարժական խորհրդի նիստում ինքն ուսուցիչներին պատվիրել է բացատրական աշխատանք տանել ծնողների շրջանում, տեղեկացնել, որ սամբոյի պարապմունքներին հաճախող աշակերտների մոտ կա ուսման եւ վարքի անկում: Տնօրենն ասաց, որ ինքը աշակերտներին չի արգելել հաճախել սամբոյի խմբակ: Նաեւ ժխտեց, որ սամբոն էրոտիկ մարզաձեւ է համարել, ասելով, որ համադպրոցական ծնողական ժողովի ժամանակ ասել է, որ աերոբիկայից մինչեւ սամբո եւ ծանրամարտ շատ մարզաձեւեր կան, եւ աշակերտները կարող են ընտրել իրենց նախընտրած մարզաձեւը:

Սամվել Ճաղարյանի վկայությամբ` սամբոյի պարապմունքներն անցկացվում են պարապմունքների համար ոչ նպաստավոր, սանիտարահիգիենիկ ոչ բարվոք պայմաններ ունեցող դահլիճում: Տնօրենի խոսքով` հունվարի 20-ին դասի չեն ներկայացել դպրոցի 43 աշակերտ:

Հունվարի 19-ին մարզպետ Արմեն Ղուլարյանը եղել էր Սեւքարում, ծանոթացել իրավիճակին: Մարզպետը դպրոցի տնօրենին պատվիրել էր մի քանի օրվա ընթացքում հարթել խնդիրը:

Սամվել Ճաղարյանն ասաց, որ ծնողների եւ աշակերտների շրջանում բացատրական աշխատանք տանելու համար ակնկալում են նաեւ Սեւքարի գյուղապետարանի աջակցությունը:

Իսկ այս պարզաբանումից մեկ օր անց հանգուցալուծվեց հունվարի 16-ից Սեւքարի միջնակարգ դպրոցում շարունակվող հակամարտությունը: Շաբաթ օրը՝ հունվարի 21-ին գյուղի դպրոցը 27 տարի ղեկավարող Սամվել Ճաղարյանը գրել է հրաժարականի դիմում: Այս տեղեկությունը հաստատեց Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանը: Նա հայտնեց նաեւ, որ այսօր դպրոցի փոխտնօրեններից մեկին կնշանակեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Երեխաներն այսօր դադարեցրել են հունվարի 16-ից շարունակվող դասադուլը, ուսումնական պարապմունքները բնականոն ընթանում են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031