Եթե Ընտրական օրենսգրքում 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու փոփոխություններ չլինեն, ապա «Ժառանգություն» կուսակցությունը թեկնածուներ կառաջադրի մեծամասնական ընտրակարգով: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ բանավեճի ժամանակ ասաց «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը: Նա եւս մեկ անգամ հիշեցրեց «Ժառանգության» համոզմունքը՝ համամասնական ընտրակարգը հնարավորություն կստեղծի խորհրդարան տանել պատրաստված պատգամավորների. «Որոնք խորհրդարան կգնան օրենքի նախագծեր քննարկելու ու լուրջ առաջարկներ անելու համար»:
ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն էլ ասաց, որ ՀՀԿ-ն հետ քայլ չի անելու. «Ինչպես կա համամասնական ու մեծամասնական հարաբերությունը, այդպես էլ կմնա, մնում է քաղաքական ուժերը փորձեն մեծամասնականի դաշտում իրենց տեղը գտնել»: Տիկին Բախշյանն էլ հակադարձեց. «Ուժերը փորձել որտե՞ղ, եթե փորձենք ընտրակարգը խախտելու, կեղծելու, կաշառք բաժանելու կամ այլ ապօրինի մեթոդների կիրառման հարցում…»: Տիկին Բախշյանին ընդհատեց ՀՀԿ պատգամավորը. «Տիկին Բախշյան, ի սկզբանե փորձում եք գռեհկացնել ընտրական գործընթացը»: Ի պատասխան՝ տիկին Բախշյանը նկատեց. «Ես ընդամենը բառերով եմ փորձում, ձեր քաղաքական ուժը իրականացնում է, ու ֆինանսը դնում ենք մի կողմ, որովհետեւ մենք այդ ֆինանսական հնարավորությունը ու փողով ձայն առնելու հնարավորությունը չունենք»: Ս. Ավետիսյանն էլ հարցրեց. «Ինչո՞ւ եք անընդհատ դրան տանում՝ փող, փող, փող»: «Հանրապետականը քանի՞ հատ մեծամասնականով բան կա, որ ասել է՝ ես ձեր ձայնն առել եմ, Էլ ինձ չդիմեք, էլ ինձ չխոսեցնեք: Տառապանքս փորձ ունի…»,- պատասխանեց տիկին Բախշյանը: ՀՀԿ պատգամավորն էլ հակադարձեց. «Ձեր փորձը լավը չէ, ես ի՞նչ անեմ»:
Կարդացեք նաև
Հարցին ի պատասխան, թե քաղաքական ի՞նչ պայմաններ են ստեղծված ընդդիմության համար նորմալ ընտրություններին մասնակցելու համար՝ տիկին Բախշյանը կարծիք հայտնեց, թե հատուկ պայմաններ պետք չի ստեղծել. «Օրենքը կա, օրենքով տարբեր հնարավորություններ են տրված, ընդամենը թող չխանգարեն»: Դիտարկմանը, թե հանրապետականները բողոքում են, որ իրենց բավականաչափ հեռուստաեթեր չեն տրամադրում,տիկին Բախշյանը զարմացավ. «Ասելիք որ ունենան, կտան»: «Ասելիք շատ ունենք, ուղղակի չափավոր ենք ասում»,- ընդհատեց պարոն Ավետիսյանը:
Տիկին Բախշյանը, կրկին անդրադառնալով մեծամասնական ընտրակարգով իրենց թեկնածուներին առաջադրելու որոշմանը, ասաց,որ դեռ չեն որոշել թեկնածուների թիվը: Պարոն Սուքիասյանն էլ նկատեց, թե «Ժառանգության»համար բարդ է լինելու այդքան թեկնածու գտնելը. «Հասարակության մեջ այդ մարդու գիտենալու, հասարակության մեջ էդ մարդու շփումների առումով»: Տիկին Բախշյանն էլ հավելեց. «Էնքան մարդ կա մեր կողքին կանգնած: Ձեր մատների վրա հաշվածներին տեսնում ենք, էլի, նրանց վարքագիծը, կերպարը, նկարագիրը, քայլերը, աշխատանքը: Ինչքանով են նրանք պետությանը նվիրված, չեմ ասում ՝ ձեր քաղաքական ուժին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ