Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հետաքննություն է սկսվել հունվարի 22-ին տեղի ունեցած գողության փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 22-ին՝ ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Այգիկ գյուղի բնակիչ 75-ամյա թոշակառու Հայաստան Սաղաթելյանն ահազանգել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ իրենց տան խոհանոցում կա անհայտ անձ։
Նրա տուն են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները, որոնք պարզել են, որ նախորդ օրը՝ գիշերը, գողություն կատարելու նպատակով նշված տուն է մտել Արագածոտնի մարզի Մելիք գյուղի բնակիչ Սամվել Հովհաննիսյանը, խոհանոցից առանձնացրել ալյումինե կաթսաները և տեղավորել իր հետ բերված պարկում։
Ավարը դասավորելուց հետո՝ Ս. Հովհաննիսյանն իր հետ բերած օղին է խմել տան խոհանոցում, որից հետո քունը տարել և քնել է։
Կարդացեք նաև
Ոստիկանները գողացված ապրանքը տեղափոխել են ոստիկանություն, իսկ ձախողակ գողին՝ անսթափ վիճակում, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Բժիշկները հայտնել են, որ նա ի վիճակի չէ խոսելու. պետք է սթափվի։