Այսօր Սոչիում կայացել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը։
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ` նախագահները քննարկել են «ռուս – հայկական համագործակցության ընթացիկ հարցեր, տարածաշրջանային օրակարգը»։
Նույն աղբյուրի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահը հանդիպման ժամանակ դրական է գնահատել անցած տարին թե՛ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության, թե՛ երկկողմ համագործակցության տարբեր տեսանկյունների առումով` «սկսած տնտեսականից եւ վերջացրած ռազմա-տեխնիկականով»։ Ապագայի համար Մեդվեդեւը կարեւոր է համարել «խոշոր նախագծերի մասին մտածելը»։
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Ռուսաստանի նախագահը ասել է. – «Մենք Ձեզ հետ կշարունակենք տարածաշրջանային ամենաբարդ խնդրի` ղարաբաղյան կարգավորման քննարկումը արդեն մեր ադրբեջանցի գործընկերոջ ներկայությամբ»։
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյանը, իր հերթին, շատ օգտակար է համարել արդեն ավանդական դարձած հանդիպումները Սոչիում եւ շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի գործընկերոջը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։
«Իրոք, ե՛ւ այդ հանդիպումները, ե՛ւ Ձեր ջանքերը, ե՛ւ այն ժամանակը, որ Դուք տրամադրում եք այդ հիմնախնդրի լուծմանը, թույլ են տալիս Հարավային Կովկասում ունենալ շատ թե քիչ վերահսկելի իրավիճակ», – Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ` ասել է Հայաստանի նախագահը։
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Սոչիում արդեն կայացել է նաեւ Մեդվեդեւի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
«Ազատություն» ռադիոկայան