Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական լծակներով ռեկտորները խոստանում են բացառել կուսակցական քարոզչությունը

Հունվար 23,2012 14:13

Օրերս կայացած ասուլիսում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ասել էր, թե ընտրությունների նախաշեմին բուհերի ռեկտորներին խիստ քաղաքական հանձնարարականներ  է տվել . նրանք պարտավոր են խստագույնս հետեւել իրենց ուսումնական հաստատություններում կուսակցությունների, կրթության եւ հանրակրթության մասին օրենքների կատարմանը:

Արմեն Մազմանյան

Փորձը, սակայն, ցույց է տալիս, որ նախարարական  հրահանգը կյանքի կոչելը իրատեսական չէ, որովհետեւ բուհերի ռեկտորները կուսակցական նախասիրություններ ունեն ու հարկ եղած դեպքում գործի են դնում իրենց լծակները, հիմնականում կուսակցական երիտասարդներով են համալրված նաեւ կրթական հաստատությունների ուսխորհուրդները:

Aravot.am-ը  որոշ բուհերի ռեկտորներից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է հավատարիմ մնալ Արմեն Աշոտյանի ձեւակերպմամբ «խիստ քաղաքական հանձնարարականին»: ՀՀԿ-ական լծակներով  ռեկտոր դարձած բուհերի ղեկավարները միաբերան ասացին, որ բոլոր ընտրությունների ժամանակ էլ իրենց բուհերում կուսակցական քարոզչությունը բացառվել է:

Արամ Սիմոնյան

Ամենահանրապետականացված բուհի՝ Երեւանի պետհամալսարանի  ռեկտոր  Արամ Սիմոնյանն, օրինակ, հայտնեց. «Գաղտնիք չէ, որ մեր բուհում որեւէ կուսակցական քարոզչություն, գործունեություն դասերի, աշխատանքի հաշվին չի եղել եւ չի կարող լինել: Ու թյուր է մամուլում եղած այն կարծիքը, թե մեր ուսխորհրդի նախագահն ու  նրա տեղակալը նույնպես կուսակցական են եւ քաղաքականացված: Այդպիսի բան գոյություն չունի»:

Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը սկզբում ասաց, թե հարցը  լավ չի հասկանում, չի պատկերացնում՝ ինչ նկատի ունենք, քիչ անց էլ հավելեց. «Ես կուսակցական չեմ, ո՞նց կարող եմ զբաղվել որեւէ կուսակցական գործունեությամբ… Ոչ մեկ իրավունք չունի պետական կրթական համակարգում ոչ իր կուսակցության, ոչ իր սեռական, ոչ էլ անձնական քարոզով զբաղվելու: Նա դասախոս ա, պետական ժամի համար վճարվում ա եւ պարտավոր ա դաս անել, իսկ շենքից դուրս իր ազատությունն ա, ինչ ուզում ա, թող քարոզի…Մեր իստիտուտում ոչ մի կուսակցական բջիջ չկա, ի դեպ, հանրապետականն էլ հետը՝ բացակայում ա»:

Արշալույս Թարվերդյան

Գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը եւս հավաստիացրեց, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է .«Ագրարային համալսարանի պարագայում նախորդ ընտրությունները ցույց են տվե,լ որ միանշանակ իրատեսական է նախարարի հրահանգի կատարումը: Ես կուսակցական չեմ, բացարձակապես չեմ եղել, եւ գտնում եմ, որ համալսարանի ներսում քաղաքական ոչ մի գործունեություն, առավել եւս ընտրությունների նախաշեմին եւ ընթացքում, չպետք է լինի, բուհը պետք է լինի կուռ կառույց՝ միայն կրթական, էդ դրվածքը բուհի ներսում պահպանվելու է միանշանակ: Մյուս կողմից էլ՝ ցանկացած ուսանող եւ դասախոս բուհի սահմաններից դուրս ազատ է իր քաղաքական կողմնորոշումների մեջ»:

Դերենիկ Դումանյան

Բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանն էլ մամուլի քարտուղարի միջոցով փոխանցեց հետեւյալը. «Ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում քաղաքական գործունեություն չենք ծավալել եւ ոչ էլ մտադիր ենք ծավալելու, եւ ուսանողը, եւ դասախոսը, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի համալսարանի պատերից դուրս զբաղվել քաղաքականությամբ, ունենալ քաղաքական հայացքներ, անդամագրվել կամ համակրել որեւէ կուսակցության, դա իրենց իրավունքն է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031