Լրահոս
Օրվա լրահոսը

4 ամիս ձգված դատը` «նոր տողից»

Հունվար 23,2012 12:42

2011 թվականի հուլիսին «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ն  Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան հայց էր ներկայացրել «Իջեւանի ստուդիա» ՍՊԸ ընկերության  եւ այդ հեռուստաընկերության լրագրող Նաիրա Խաչիկյանի դեմ` պահանջելով պարտավորացնել Նաիրա Խաչիկյանին եւ «Իջեւան ստուդիա» ընկերությանը հրապարակորեն ներողություն խնդրել եւ հօգուտ «Իջեւան ՃՇՇ» ընկերության Նաիրա Խաչիկյանից եւ «Իջեւան ստուդիա» ՍՊԸ-ից բռնագանձել  3 միլիոն դրամ` որպես  փոխհատուցում, եւս 264 հազար դրամ՝ որպես դատական ծախս, որից 200 հազար դրամը` փաստաբանին վճարած վարձատրության գումար եւ 64 հազարը` որպես վճարված պետական տուրքի գումար:  «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ հայցադիմումի մեջ նշված է, որ  2011թ.  հունիսի 21-ին հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրով, ինչպես նաեւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ մի քանի անգամ հեռարձակվել են տեսանյութեր, որոնց մեջ տեղ են գտել «Իջեւանի ՃՇՇ»-ի գործարար համբավը արատավորող կեղծ տեղեկություններ: Դատը սկսվել էր  2011 թվականի օգոստոսի 18-ին,  Տավուշի մարզի առաջին  ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում: Կայացել է մի քանի նիստ, սպասվում էր, որ նոյեմբեր ամսին դատավոր Արշակ Շահոյանը կհրապարակի վճիռը: Սակայն անսպասելի կերպով գործը քննող դատավորը փոխվեց: Հունվարի 20-ին Իջեւան քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Արման Կուրեխյանը փաստացի «նոր տողից» սկսեց դատը: «Իջեւանի ՃՇՇ» ՓԲԸ-ի շահերի պաշտպանությամբ  հանդես է գալիս փաստաբան Նաիրա Խաչատրյանը:  Դատարանում Նաիրա Խաչիկյանի շահերը շարունակում է ներկայացրել  փաստաբան Գարիկ Գալիկյանը, Նաիրա Խաչիկյանը նախկինի նման դատին ներկա չի  չի եղել:  «Իջեւան ստուդիան» դատարանում ներկայացուցիչ, փաստաբան  չունի : Դատավորը կողմերին առաջարկել է համաձայնություն գալ, սակայն այն չի կայացել: Այս գործով դատական հաջորդ նիստը նախատեսված է փետրվարի 3-ին:

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031