2011 թ.-ի նոյեմբերի 11-ին Հայաստանում արդեն երկրորդ տարին պաշտոնապես անցկացվեց «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» միջազգային մրցույթը՝ «Այբ» կրթական հիմնադրամի ջանքերով։ Մրցույթին մասնակցեց Հայաստանի բոլոր մարզերի 312 և Ստեփանակերտի 13 դպրոցների 2-12-րդ դասարանների 9192 աշակերտ: Մրցույթի արդյունքներն ամփոփված են. «Ռուսական արջուկն» այս տարի Հայաստանում ունի 487 մրցանակակիր, որոնցից 50-ն արձանագրել են լավագույն արդյունք:
2010 թ.-ի համեմատ, «Ռուսական արջուկ 2011»-ի մասնակիցների թիվն աճել է ավելի քան 4 անգամ:
Բոլոր 9192 աշակերտները, անկախ վաստակած միավորներից, ինչպես նաև բոլոր մասնակից 325 դպրոցները կստանան մասնակցության հավաստագրեր: Այս տարի «Այբ»-ը կրկին սահմանել է լրացուցիչ խրախուսական մրցանակներ այն դպրոցների համար, որոնցում չկան «լավագույնի» շեմը հաղթահարած երեխաներ: Այսպիսով, ամեն դպրոց կունենա առնվազն մեկ մրցանակակիր:
Կարդացեք նաև
«Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» մրցույթը «Կենգուրու. մաթեմատիկա բոլորի համար» միջազգային մրցույթի «կրտսեր եղբայրն» է: Մրցույթի գլխավոր նպատակն է՝ համընդհանուր հետաքրքրություն առաջացնել ռուսաց լեզվի հանդեպ: Այն առաջին անգամ անցկացվել է 2000 թվականին Ռուսաստանում՝ 64000 դպրոցականների մասնակցությամբ: Արդեն 2011 թ.-ին «Ռուսական արջուկին» մասնակցեց 2,5 միլիոնից ավելի երեխա Ղազախստանից, Ուկրաինայից, Լատվիայից, Մոլդովայից, Ղրղզստանից, Ուզբեկստանից, Իսրայելից, ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից և մի շարք այլ երկրներից։ Մրցույթը բոլոր երկրներում անցկացվում է նույն օրը՝ նոյեմբերի երկրորդ հինգշաբթի։
2009 թ.-ի նոյեմբերին «Այբ» կրթական հիմնադրամը Երևանի 4 դպրոցներում անցկացրեց «Ռուսական արջուկ» փորձնական մրցույթը, որին մասնակցեց 262 երեխա։ 2010 թ.-ին մրցույթը Հայաստանում պաշտոնապես անցկացվեց առաջին անգամ՝ Երևանի և Գյումրու մի շարք դպրոցներից 2130 աշակերտների մասնակցությամբ։ 2011 թ.-ից մրցույթին մասնացեց 9192 աշակերտ, այդ թվում՝ Արցախի դպրոցներից։