Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Human Rights Watch-ը քննադատել է ոչ միայն ՀՀ իշխանություններին, այլեւ՝ միջազգային գործընկերներին

Հունվար 23,2012 11:45

Հայաստանի իշխանությունները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները, մինչդեռ միջազգային գործընկերները ամբողջովին չեն օգտագործում իրենց ազդեցության լծակները՝ իրավիճակը բարելավելու համար. համենայնդեպս այդ է պնդում միջազգային իրավապաշտպան  Human Rights Watch կազմակերպությունը կիրակի օրը հրապարակած հերթական տարեկան զեկույցու, որին անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանը:

Փաստաթղթում կազմակերպությունը արձանագրում է, որ 2011 թվականի ընթացքում պաշտոնական Երեւանը կրկին էական առաջընթաց չի արձանագրել մարտիմեկյան տասը սպանությունները բացահայտելու գործում, սահմանափակել է  հավաքների ազատությունը եւ բավարար քայլեր չի կատարել՝ բանակում ու անազատության վայրերում արձանագրված մահվան դեպքերը բացահայտելու համար։

«2008 թվականի մարտյան ողբերգական իրադարձություններից ավելի քան երեք տարից անց՝ այսօր էլ, դեռեւս որեւէ բովանդակալից հաշվետվություն չի ներկայացվել իրավապահների կողմից ուժի անհամաչափ գործադրման վերաբերյալ», – փաստում է զեկույցն ու հավելում. – «Թեեւ Երեւանի քաղաքապետարանը 2011 թվականի ապրիլին արտոնեց ընդդիմությանը բողոքի ցույցը Ազատության հրապարակում, այդուամենայնիվ, ընդդիմության ակտվիստները հայտարարում են, որ իշխանությունները խոչընդոտել են այլ քաղաքներից ցուցարարների տեղաշարժն ու մասնակցությունը մայրաքաղաքում կազմակերպվող զանգվածային միջոցառումներին»։

Զեկույցը փաստում է, որ Հայաստանում  շարունակում են լուրջ խնդիր մնալ ոստիկանությունում ու բանակում իրականացվող կտտանքներն ու դաժան վերաբերմունքը, որոնց մասին հաղորդում են տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։

«Օգոստոսին ոստիկանությունը ծեծի ենթարկեց եւ ձերբակալեց Հայ ազգային կոնգրեսի մի քանի ակտիվիստների, յոթին մեղադրանք առաջադրվեց խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Ու թեեւ բժիշկները  նրանց մոտ վնասվածքներ էին հայտնաբերել, այդուամենայնիվ, որեւէ քննություն չիրականացվեց ոստիկանության գործողությունների շուրջ», – արձանագրում է Human Rights Watch-ը եւ հավելում, որ բռնություններից ու կտտանքներից բացի` Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը ստվերում են նաեւ չպատճառաբանված մահվան դեպքերը ազատազրկման վայրերում ու բանակում։

Մամուլի ազատությանը նվիրված բաժնում կազմակերպությունը փաստում է, որ իշխանությունները ապաքրեականացրել են վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված հոդվածները, սակայն փոխարենը` դատարանները սկսել են մեծ տուգանքներ ու ոչ համաչափ փոխհատուցումներ սահմանել, որոնք «որոշ դեպքերում սպառնալիք են դարձել թերթերի գոյության համար»։

Զեկույցի վերջում Human Rights Watch-ը փաստում է, որ 2011-ին Հայաստանի միջազգային գործընկերներից մի քանիսը սահմանափակել են իշխանությունների հասցեին իրենց քննադատությունը։

«2011 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ ընդունեց Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, արձանագրելով, որ 2008 թվականի մարտի 1-ի էջը վերջապես կարելի է փակված համարել», – հիշեցնում է Human Rights Watch-ն ու անհարկի որակում Հայաստանի կառավարությանը տրված այդ վստահությունը։

Հեղինե Բունիաթյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031