Այսօր` հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19.40-ի սահմաններում «Մերսեդես 190» մակնիշի 17 ՍԼ 227 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 54-ամյա Ազատ Ավետիսյանը, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 12-րդ կմ-ի հատվածում` Գավառից դեպի Սևան ընթանալիս, շրջադարձի վրա դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի պաշտպանիչ երկաթյա վահանակներին:
Հարվածի արդյունքում երկաթյա պաշտպանիչ վահանակներից մեկը հայտնվել է վարորդի կողմից ուղևորի մասում: Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր 24-ամյա Գևորգ Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևանի քաղաքային հիվանդանոց: Այս պահին նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Կարդացեք նաև
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները` հրամանատար Սերգեյ Հակոբյանի և 1-ին դասակի հրամանատար Ազատ Ալոյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքի քննիչ Արկադի Գաբրիելյանը: Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Սևանի բաժնի տուգանային հրապարակ:
Փաստի առթիվ ոստիկանության Սևանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօր-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ավետիսյանները բնակվում են Նոր Արեշ թաղամասում: