Լրահոս
Օրվա լրահոսը

«Տվեք ինձ հնարավորություն, և ես շուտով կդառնամ «Հորիզոնի» դեմքերից մեկը». Ժամանակին ցանկացել է ասել լրագրող Մանվել Քեշիշյանը

Հունվար 22,2012 17:41



«Շանթ» հեռուստաընկերությունում քասթինգ էր՝ փնտրում էին լրագրող՝ գիշերային հերթափոխի համար: Արվեստաբան Մանվել Քեշիշյանը այդ տեղի համար պայքարողներից մեկն էր: Ընդունելության օրը «Շանթ»-ում մեծ հերթ էր. «Նայում եմ՝ բոլորը վստահ դեմքերով: Մարդիկ կային, որ թվում էր`հենց նոր BBC-ից են եկել»: Սկսել է երկմտել`կանցնի՞,  թե՞ ոչ: «Բայց հենց այդ շրջանում էլ ամբիցիաներ ունեի, այնքան ամբիցիոզ էի, որ քիչ էր մնում մտնեի տնօրենի մոտ և ասեի`տվեք ինձ այդ հնարավորությունը, և ես կդառնամ «Հորիզոնի» դեմքերից մեկը: Ինքս ինձ վրա վստահ էի, զգում էի, որ ունեի այդ ներուժը»: Բոլոր դիմողներից միայն Մանվելին են ընտրում: Սակայն մինչ հեռուստատեսություն մտնելը, ինչպես ինքն է ասում, շատ թերթերի և ամսագրերի դռներ թակելով է «աճել»: «Երբ տպվեց իմ առաջին նյութը, ինչ-որ կարևոր գործ արած էի ինձ զգում»: Ուսանողական տարիներին, երբ շատ գումար չուներ բոլոր թերթերը գնելու համար, գնում էր կրպակ, վերցնում որևէ թերթ և որը նորություն էր, նայում էր խմբագրության հասցեն և հեռախոսահամարը, թերթը դնում տեղը ու գնում խմբագրություն: Կամ ստուգում էր`տպվե՞լ են իր նյութերը: «Թերթեր վաճառող պապիկը սկզբում ջղայնանում էր, երբ տեսնում էր ինձ, բայց հետո սովորեց»:
Մանվելը կարծում է, որ այսօր երիտասարդ լրագրողներին չվստահելու և շահագործելու խնդիր կա. «Հաստատվելն է դժվար: Սկզբում, երբ գրում էի թերթերի համար, չնչին գումար էի ստանում, կամ չէի ստանում: Եղել է դեպք, երբ ստացել եմ 450 դրամ, պատրաստել եմ այսօրվա հայտնի թերթերից մեկի համար էքսքլյուզիվ և չեմ վճարվել: Բայց դա ինձ չէր հիասթափեցնում»: Մանվելը լրագրությունը համեմատում է ֆուտբոլի հետ. երկու դեպքում էլ կարևոր է հնարքներ օգտագործելը. «Ոնց են ասում՝ ինքը տեխնիկապես զարգացած ֆուտբոլիստ է, իր խաղը հետաքրքիր է նայելը: Եթե լրագրողը տեխնիկապես զարգացած է լինում, օգտագործում է հնարքներ, իր ռեպորտաժները հետաքրքիր են ստացվում»: Երիտասարդ լրագրողը կարծում է, որ պետք չէ հեղինակությունների անվան տակ մնալ. «Դու ես այսօրվա երիտասարդը, դու ես ստեղծում այսօրվա լրագրությունը, վաղը դու ես դառնալու այն սերունդը, որից պետք է սովորեն: Ով ավելի համարձակ է կարծրատիպեր կոտրելու հարցում, նա էլ առավել հաջողակ է լինում»: Մանվելը այսօրվա հեռուստատեսությունը չի պատկերացնում առանց ազատ խոսքի. «Ի՞նչ է նշանակում 21-րդ դարի հեռուստատեսությունում լինեն ինչ-որ սահմանափակումներ: Առանց ազատ լրատվամիջոցի ոչ մի երկիր չի կայանա»:
Ինչպես ասում է լրագրողը՝ կարիերայի հենց սկբից էլ փորձում էր լինել հետաքրքիր: Նկարահանումների ընթացքում միշտ էլ զավեշտալի դեպքեր են տեղի ունենում, դրանցից մեկն էլ հիշում է. «Զապորոժեցի մասին նյութ էի պատրաստում: Սթենդ-ափ էի անում ինչ-որ շենքի դիմաց, գոռում էի՝ Անահիտ, Անահիտ: Հետո ասում, որ զարմանալի չի, որ Ձեր սիրած աղջիկը դուրս չի գալիս, մի խոսքով՝ այդպես»: Հետո պարզվում է՝ այդ շենքում Անահիտ էր ապրում. «Եկավ, ասեց, որ իր տղան տեսել ա է»: Սակայն լինում են դեպքեր, երբ նկարահանումները իրականացվում են կյանքը վտանգելու գնով. «Նյութ էի պատրաստում ջրափրկարարների մասին: Որոշեցի սթենդ -ափ անել,որտեղ ես կլինեմ խեղդվողը, իսկ փրկարարները պետք է փրկեին ինձ: Ես ընդհանրապես լողալ չգիտեմ: Չնայած նրան, որ փրկարաներն ինձ մոտ էին՝ քիչ էր մնում խեղդվեի: Երբ 4-5 մետր խորությամբ ներքև էի սուզվել, մի պահ կյանքս աչքիս առաջն եկավ: Բոլորը խառնվել էին: Նրանցից մեկը, հասկանալով պահը, սուզվեց իմ հետևից եւ օգնեց: Ամեն դեպքում ինձ  չկորցրեցի և սթենդ-ափն ավարտին հասցրեցի՝ հասկանալով, որ երկրորդ փորձը չի լինի»: Մանվելը կարծում է, որ յուրաքանչյուր լրագրողի համար սկզբունք պետք է լինի մարդկանց չվնասելը. «Դու չպետք է վնասես քո արածով որևէ մեկին: Քննադատ ես, բայց ոչ դատավոր»:
Լրագրողի մասնագիությունը նրանից շատ ժամանակ է խլում և հարազատների հետ շփվելու հնարավորություն քիչ է ունենում, տանն էլ կատակում են. «Տունը քեզ համար հյուրանոց է դարձել»:
Մանվելը խորհուրդ տալ չի սիրում, սակայն սկսնակ լրագրողներին կոչ է անում հետաքրքիր լինել, միշտ իրենց ձեռքը պահեն ժամանակի զարկերակին. «Հետևելով նախորդների օրինակին, ամեն դեպքում, փորձեք նրանցից առավելն անել, երբեմն էլ՝ հակասել նրանց»:

 

Լիլիթ Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031