«Ես ազատ ժամեր չունեմ և չեմ էլ ունեցել: Ամբողջ կյանքում նման եմ եղել պաշարված ամրոցի: Այո, ես պաշարված եմ հնչյուններով: Քուն թե արթուն ղողանջների մեջ եմ: Մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված: Այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները և երգեր հորինում: Ինձ համար ազատ ժամ ունենալ՝ նշանակում է կտրվել հնչյուններից, որ նույնն է՝ թե հրաժեշտ տալ կյանքին»: Իր ազատ ժամանակի մասին ասել է հայ կոմպոզիտոր, Սովետական Միության (1971) և Հայաստանի Հանրապետության (1956) ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանը: Այսօր նրա ծննդյան օրն է: Շնորհակալ լինենք նրա տված ժառանգության համար:
Առնո Բաբաջանյանը ծնվել է Երեւանում, 1921 թվականի հունվարի 22-ին:
Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի: Դրանից հետո` 1929-ին, ընդունվել է Երեւանի պետական Կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորել է կոնսերվատորիայում: Այնուհետև 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում:
1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում: 1956-ից հաստատվել է Մոսկվայում, ուր և վախճանվել է 1983-ի նոյեմբերի 11-ին:
Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն: Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ:
Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռոմանինովի ազդեցության տակ: Իսկ նրա անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) և դաշնամուրային տրիոյում (1952): Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռամսոդիան» գրել է 1950-ին:
Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը, « Երջանկության մեխանիկան, «Հարսնացուն հյուսիսից» և այլն: Նա գրել է տարբեր ստեղծագործություններ` «Էլեգիա», «Նոկտյուրն» և այլն: