Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու՞ հայերը չեն կարողանում Հայաստան վերադառնալ. Վրաստանում Հայաստանի դեսպանության հայտարարությունը

Հունվար 21,2012 23:36

Ս.թ. հունվարի 15-ի երեկոյան վրացական կողմը դեսպանությանը տեղեկացրեց, որ Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև պետական սահմանի մոտ գտնվող Խաչի լեռնանցքի հատվածում, ձյունային տեսքով առատ տեղումներ սկսելու հետևանքով, ժամանակավորապես դադարեցվում է Վերին Լարս վերահսկիչ անցակետի երթևեկը:
Հունվարի 16-ին իրադրությունը լեռնանցքում չփոխվեց, իսկ վրացական կողմը սպասում էր համապատասխան եղանակային պայմաններին` ծանր տեխնիկայի գործադրմամբ անհրաժեշտ մաքրման աշխատանքները կազմակերպելու համար:
Դեսպանությունն անմիջապես վերոնշյալի մասին հայտնել է ՀՀ պատկան մարմիններին և կապ հաստատել Դուշեթի շրջանի տեղական իշխանությունների հետ: Համագործակցության արդյունքում տեղում գտնվող մոտ 300 ՀՀ քաղաքացիներին տրամադրվել է տաք կերակուր և վառելափայտ, ինչպես նաև համաձայնություն է ձեռք բերվել մաքսային մարմինների հետ, որպեսզի ուղևորները կարողանան օգտվել իրենց տաք հագուստներից, որոնք գտնվում էին կապարակնքված բեռներում:
Դեսպանության և ՀՀ իրավասու մարմինների կողմից իրականացված համապատասխան աշխատանքների շնորհիվ ուղևորափոխադրող ընկերությունները քայլեր ձեռնարկեցին իրենց ուղևորների վերադարձը կազմակերպելու և ապահովելու ուղղությամբ:
Ս.թ. հունվարի 17-ի երեկոյան դրությամբ այդ վայրում մնացել էր ընդամենը երեք բեռնատար: Հայաստանի քաղաքացիների մի մասը վերադարձավ Հայաստան, մյուսները մեկնել են Ռուսաստան այլ ճանապարհներով:
Ս.թ. հունվարի 20-ին դեսպանությունը կրկին ահազանգ ստացավ ՀՀ քաղաքացուց, որ հայ–վրացական սահմանի վրացական կողմում մոտ մեկ օր ավտոբուսի մեջ են մնացել` Ստամբուլից Երեւան ուղևորվող 47 քաղաքացիներ: Ավտոբուսի վրացի վարորդը հրաժարվել է շարունակել ճանապարհը:
Դեսպանությունն իսկույն կապ է հաստատել ուղևորափոխադրող համապատասխան ընկերության տնօրինության հետ և պահանջել անհապաղ միջոցառումներ ձեռնարկել խնդիրը կարգավորելու համար: Իրավիճակի մասին անհապաղ տեղեկացվել են ՀՀ իրավասու մարմինները:
Ավտոբուսի վարորդի նշված պահվածքը պայմանավորված էր ուղեւորափոխադրող ընկերությունից աշխատավարձ չստանալու հանգամանքով:
Դեսպանության միջոնորդությամբ տվյալ ընկերության ղեկավարության և վարորդների միջև կայացած բանակցություններից հետո կայացել է անհրաժեշտ համաձայնություն և ուղևորներն անխափան շարունակել են իրենց ճանապարհը:
Հունվարի 19-ի երեկոյան դեսպանությունը տեղեկություն ստացավ, որ ՀՀ քաղաքացիների մի ստվար խումբ թվով 55-57 մարդ, որոնք տեղաշարժվելիս են եղել Վրաստանի սահմանային անցակետից Հայաստանի ուղղությամբ, հայտնվել են անանցանելի վիճակում Վրաստանի Ստեպանծմինդա բնակավայրում:
Ստացված տեղեկատվության օպերատիվ ստուգման և ճշգրտման արդյունքում, դեսպանությունը պարզեց, որ չորս միկրոավտոբուսներով և մի քանի մարդատար մեքենաներով վերը հիշատակված անձինք, ՌԴ-ից Վրաստանի սահմանը հատելուց հետո, հասնելով Ստեպանծմինդա բնակավայրը, ի վիճակի չեն եղել շարունակել ճանապարհը` օդերևութաբանական ծառայությունների եզրակացության հիման վրա Վրաստանի իշխանությունների կողմից` մայրուղու այդ հատվածում ճանապարհի երթևեկությունը դադարեցնելու մասին որոշում կայացնելու հետևանքով:
Այդ արգելքը պահպանվում է մինչև օրս և, ի նկատի ունենալով այդ հատվածում ձյունային փլուզման վտանգը Վրաստանի իշխանությունները դեռևս ձեռնպահ են մնում ճանապարհի մաքրման աշխատանքներ սկսելուց:
Դեսպանությունը անհապաղ կապ է հաստատել տեղական իշխանությունների և Վրաստանի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության ղեկավարության հետ, որոնց հետ անընդհատ կապի մեջ է մինչ այս պահը:
Այս պահին տեղական իշխանություններից ստացված տեղեկատվության համաձայն ՀՀ քաղաքացիներն ապահովված են կացարաններով եւ սնունդով:
Զուգահեռաբար, ՀՀ դեսպանությունը անհրաժեշտ տեղեկատվություն է հայտնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` համապատասխան միջոցառումներ մշակելու նպատակով:
ՀՀ դեսպանությունը և արտակարգ իրավիճակների նախարարությունը գործողություններ են ձեռնարկել` Հայաստանում գտնվող Ստեպանծմինդայում ապաստանած մեր քաղաքացիների ազգականներին և բարեկամներին համապատասխան տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ:
ՀՀ դեսպանը Վրաստանի ԱԳ նախարարության միջոցով խնդրել է տեղական իշխանություններին հնարավոր աջակցություն ցուցաբերել այդ հատվածում կուտակված մեր քաղաքացիներին:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ նշված հատվածում անանցանելի իրավիճակում են հայտնվել ոչ միայն ՀՀ, այլև բազմաթիվ Վրաստանի քաղաքացիներ, որոնք տեղաշարժվելիս են եղել դեպի Թբիլիսի:
Ըստ Վրաստանի իշխանություններից ստացված վերջին տեղեկությունների` եղանակի բարենպաստ պայմանների դեպքում նախատեսվում է ճանապարհը մաքրել և երթևկությունը վերսկսել մինչև հունվարի 22-ի երեկոյան:
Բնակլիմայական պայմաններից ելնելով` ստեղծված արտակարգ իրավիճակում ՀՀ դեսպանությունը արել և անում է հնարավոր ամեն ինչ` ՀՀ քաղաքացիների Հայաստան արագ և անվտանգ տեղափոխումը ապահովելու նպատակով:
Ավելորդ չենք համարում նշել, որ ՀՀ պատկան մարմինները պարբերաբար ՀՀ քաղաքացիներին նախազգուշացնում են ձմռան շրջանում և եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում ձեռնպահ մնալ Կազբեգի-Վելին Լարս մայրուղու հատվածով ճանապարհորդելուց: Նման հայտարարություններին չհետևելը հաճախ ստեղծում է բարդ իրավիճակ մեր քաղաքացիների համար և էական կազմակերպչական բարդություններ է առաջ բերում դրանք հաղթահարելու գործում:
Կրկին անգամ հորդորում ենք մոտակա շաբաթներին ձեռնպահ մնալ այս դժվարանցանելի ուղղություններով երթևեկից, իսկ դրա անխուսափելիության դեպքում` անպատճառ նախապես տեղեկանալ և հետևել օդերևութաբանական կանխատեսումների և ճանապարհների անցանելիության մասին տվյալներին:
Վրաստանում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031