Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` հունվարի 21-ին` ժամը 21.00-ի սահմաններում, իրեն զանգահարել են մի քանի քաղաքացիներ և հայտնել, որ հունվարի 15-ից իրենք չեն կարողանում այցելել Հայաստան: Ֆոտոլրագրողի հետ հեռախոսազրույցում նրանք պնդել են, որ իրենք 70 հոգի են և բնակվում են Երևանում, Մարտունիում, Գյումրիում, Վարդենիսում և Ղարաբաղում:
Իրենց հետ կան մանկահասակ երեխաներ, հաշմանդամ և կոտրվածքներ ստացած անձինք: Նրանք պնդում են, որ Ռուսաստանից եկել են Վրաստան և այս պահին գտնվում են Կազբեկիի հատվածում, որտեղ ավտոբուսներով և մի քանի մակնիշի ավտոմեքենաներով չեն կարողանում տեղաշարժվել: Ճանապարհի ձյան չմաքրման պատճառով չեն կարողանում անգամ անհրաժեշտ սննդամթերք գնել:
Տեղի ունեցածի մասին, ըստ զանգահարողների, իրենք հայտնել են Վրաստանի դեսպանատուն, սակայն իրենց պատասխանել են, որ իրենք ոչինչ չեն կարող անել, այդ հարցով պետք է զբաղվեն Հայաստանի իշխանությունները: Նրանք պնդում էին, որ տեղի ունեցածի մասին տեղեկացրել են Երևան` պատկան մարմիններին, սակայն մինչև օրս ոչինչ չի ձեռնարկվել: Ըստ նրանց, պատկան մարմինները պատճառաբանել են, որ ձյունը չեն կարող մաքրել, քանի որ սառնամանիք է, սակայն զանգահարողները հերքում են այդ` պնդելով, որ երեկվանից եղանակը որոշ չափով տաքացել է և հնարավոր է ձյունահեռացման աշխատանքներ կատարել: