Շաբաթ առավոտյան հազարավոր թուրքեր բողոքի, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ զանգվածային ցույց են անցկացրել Փարիզում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանող օրինագծի դեմ:
Ցույցի մասնակցել են մոտ 5000 հոգի, բայց մասնակիցների թիվը համալրվել է հետզհետե ավելացող ցուցարարներով: «Անադոլու» գործակալությունը պնդում է, որ բողոքի ակցիային, չնայած անձրեւին եւ եղանակային վատ պայմաններին, մասնակցել է շուրջ 35 հազար մարդ, որոնք փողոց են դուրս եկել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ալժիրի դրոշներով:
Հիշեցնենք, պաշտոնական Անկարան սպառնում է փաստաթղթի ընդունման դեպքում խստագույն պատժամիցողներ կիրառել Ֆրանսիայի դեմ: Չնայած այդ սպառնալիքներին, Սենատում մեծամասնություն կազմող երկու քաղաքական ուժերը` նախագահ Նիկոլա Սարկոզիի կուսակցությունը` UMP-ն, եւ ընդդիմադիր սոցիալիստները հավաստիացնում են, թե ետ չեն կանգնելու իրենց որոշումից եւ կողմ են քվեարկելու օրինագծին, որը հաստատման դեպքում 45 հազար եվրո տուգանք եւ մեկ տարվա ազատազրկում է նախատեսում ցեղասպանությունը ժխտողների համար: Օրինագիը Ֆրանսիայի Սենատում քվեարկության կդրվի երկուշաբթի (հունվարի 23-ին) կեսօրից հետո:
Բողոքող մարդանց թափորը շարժվել է դեպի Սենատ: Ըստ Nouvelles d’Armenie պարբերականի, ցուցարարների կեսից ավելին ավտոբուսներով բերվել են Հոլանդիայից, Գերմանիայից եւ Բելգիայից: Ավտոբուսները Ֆրանսիայի սահմաններից ի վեր հսկվել են ֆրանսիական ոստիկանության կողմից մինչեւ ցույցի վայրը: Ընդհանուր առմամբ ցույցը խիստ հսկողության տակ է գտնվել, նույնիսկ քաղաքացիական հագուստ կրող ոստիկաններ են ցրված եղել ամբոխի մեջ:
Կարդացեք նաև
Ցուցարարները, որոնց մեծ մասը երիտասարդներ են եղել, բռնել են Հայոց ցեղասպանությունը ժխտող պաստառներ, վանկարկել են Թուրքիան եւ մահմեդականությունը ջատագովող կոչեր: Նրանք նույնիսկ անվանարկող կոչեր են հնչեցրել Ֆրանսիայի եւ նախագահ Նիկոլա Սարկոզիի մասին. այն աստիճան, որ կազմակերպիչները ստիպված են եղել հանդարտեցնել ցուցարարներին եւ հանել որոշ պաստառներ:
Բողոքի ակցիայի ավարտին քրդական համայնքի անդամներն են եղել եւ սկսել են թռուցիկներ բաժանել, որը մեծ շփոթ է առաջացրել, եւ ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել: