Դերասան Սերգեյ Դանիելյանի հայտարարությունը, թե «քաղաքական գործիչը զուգարանի թղթի նման բան է, օգտագործեցին, գնաց» շարունակում են քննադատել քաղաքական գործիչները:
«Որքան էլ մշակույթի ոլորտի մարդիկ են, բայց մտածում եմ, որ իրենք չեն արտահայտվում էդ ոլորտի մարդկանց բնորոշ ձեւով: էթիկայի ու կուլտուրայի կանոնները պետք է միշտ լինեն, անկախ նրանից, թե դրությունն ինչպես է: Ով որ այդպես արտահայտվել է, առնվազն, հասարակ, փողոցային, կուլտուրայից զերծ անձնավորություն է» ,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը :
Նրա կարծիքով, եթե նույնիսկ դերասանի հայտարարությունն ուղղված էր կոնկրետ գործչի, ում բարոյական վարկանիշն ընկած է, ապա.«Եթե դա այդպես էլ լինի, ուրեմն արտահայտման տարբեր ձեւեր կան: Ովքեր որ էդ ոլորտի իբր ներկայացուցիչներ են, ուրեմն ասեմ, որ էթիկայի կանոնները թույլ չի տալիս, որ նման ախոռային ձեւով բացեն իրենց բերանը: Նրանք թափթփուկներ են, չկայացած, մերժված, չարությունը իրենց ներսում կուտակած: Բոլոր դեպքերում, եթե նրանք իսկապես մարդ լինեին, բառիս ասած իմաստով, նրանք կարող էին ամեն իրավիճակ հասկանալ, թե ինչով կարող են պայմանավորված լինել ոչ ցանկալի երեւույթները մեր իրականությունում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ