Սուսաննա Պողոսյանն իր դստեր ատամհատիկին պատրաստվեց առանձնապես: Ընտրեց 7 տեսակի ընդեղեն եւ եփեց ատամհատիկի խորհրդանիշը: Հետո ընտրեց տարբեր իրեր, բայց հասկացավ` երեխան կընտրի դրանցից ամենավառ գույն ունեցողը կամ առնվազն` բջջային հեռախոս. «Կարեւորեցի ատամհատիկի նշանակությունը, երեխան կվերցնի մի բան, հետո նրան անընդհատ կհիշեցնենք դրա մասին, միգուցե այդ մասնագիտությունն էլ ընտրի: Ես թղթերի վրա գրեցի այսօրվա ամենատարածված մասնագիտությունները, ավելի նեյտրալ են, երեխան գույնի ազդեցությամբ չի ընտրի եւ դրեցի Մանեիս առջեւ: Էրեխուս ընտրած թղթի վրա գրված էր` «դիվանագետ»,- ասում է Սուսաննան: Ուրախ է` երեխայի նույնիսկ չգիտակցված մասնագիտության ընտրությունը հաջող էր, հուսով է` հասուն տարիքում էլ Մանեն մասնագիտության հարցում ճիշտ կկողմնորոշվի:
17-ամյա Նվերը, ինչպես ինքն է հիշում մայրիկի ասածը, դանակ է վերցրել, չի հավատում ատամհատիկ կոչվածին. «Ռեժիսորը դանակն ինչ է անում»: Դուք կռահեցիք, Նվերը ապագա ռեժիսոր է: Բայց ինչ իմանաս, մեկ էլ տեսար…
Արտակի մայրիկը շատ հսկատ հիշում է` տղան դոլար ու դանակ է վերցրել: Արտակն էլ դեռ չի ընտրել իր մասնագիտություն, բայց համոզված ասում է . «Գող չեմ լինի»:
19-ամյա Միլենան ատամհատիկին վերցրել է դուդուկ. «Ճիշտ է դուդուկահար չդարձա, բայց 13 տարեկանից երգում եմ «Արևիկ» անսամբլում»: Տարիների ընթացքում էլ հասկացավ, որ պետք է ունենա նաև մեկ այլ մասնագիտություն, որն այժմ ձեռք է բերում: Դուդուկ վերցնելը, և երգով զբաղվելը Միլենային զարմացնում է, հավատում է «ատամհատիկին»:
Հոգեբան Արմինե Ղազարյանը նշում է, որ այդ տարիքում երեխան չունի ինքնագիտակցություն. «Քանի որ մարդիկ շատ անհամբեր են, շուտ ցանկանում են իմանալ ապագան, այդ իսկ պատճառով ստեղծել են «ատամհատիկը»: Ապա ավելացնում է, որ ծնողները շուտ մոռանում են, թե ինչ է վերցրել երեխան. «Եթե հարցնենք ծնողից, նա դժվարությամբ կհիշի, կամ չի մտաբերի: Նույնիսկ, եթե եկել է մասնագիտության ընտրության պահը, «ատամհատիկը» նույնիսկ չեն էլ հիշում»: Վերջում էլ համոզված ասում է, որ երեխայի վերցրած իրը չի կարող ազդել մասնագիտության ընտրության վրա:
Մելանյա Հարությունյան