Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ժամը 14.00-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից փախուստի է դիմել ձերբակալված Էդմունդ Ծատուրյանը։
Քիչ առաջ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց նոր մանրամասներ դատարանի շենքից տեղի ունեցած փախուստի դեպքով։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժնի օպերլիազոր Գագիկ Գահմանյանը և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչ Արշակ Հարությունյանը Շենգավիթի դատարան են տեղափոխում գողության կասկածանքով ձերբակալվածներ Էդմունդ Ծատուրյանին և Կարեն Թագվորյանին։
Դատարանի շենքում դատական կարգադրիչները Կ. Թագվորյանին ուղեկցում են դատական նիստերի դահլիճ, իսկ Է. Ծատուրյանը մնում է օպերլիազոր Գ. Գահմանյանի մոտ։ Այդ ժամանակ Է. Ծատուրյանին օպերլիազորը ուղեկցում է ընդհանուր զուգարան։ Արդեն զուգարանում ձերբակալված Է. Ծատուրյանը, տաբատը իջեցրած վիճակում, օպերլիազորից թուղթ է խնդրում։ Օպերլիազորը, երբ շրջվում է, որպեսզի թղթի հարցը լուծի, Է. Ծատուրյանը պատուհանից դիմում է փախուստի։ Օպերլիազորը փորձում է հետապնդել նրան, սակայն չի կարողանում բռնել։
Ֆոտոլրագրողը հայտնեց նաև, որ դատական կարգադրիչները օրենսդրորեն չունեն լիազորություններ, որպեսզի ձերբակալված անձանց վերցնեն իրենց հսկողության տակ և ուղեկցեն որևէ տեղ։ Նրանք միայն նման գործողություններ կատարում են դատարանի որոշմամբ կալանավորված անձանց նկատմամբ։
Կարդացեք նաև