Սյունիքի մարզի Խնձորեսկ, Կուրիս, Արծվանիկ եւ Վարդավանք գյուղերում փետրվարի 12-ին նշանակված ՏԻՄ հերթական ընտրությունների անցկացման առիթով կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովների առաջին նիստերին, որ կայացան այսօր, ներկա չեն եղել «Ժառանգություն» կուսակցությունից նշանակված հանձնաժողովի նախագահները եւ քարտուղարը:
Թիվ 38 ԸԸՀ-ի քարտուղար Ռամելա Հակոբյանի տեղեկատվությամբ` Մեղրու Կուրիս եւ Կապանի Վարդավանք գյուղերում անցկացված այսօրվա նիստերին բացակայում էին տվյալ խմբակցությունից նշանակված հանձնաժողովների նախագահներ Դանիել Իոաննիսյանը եւ Անահիտ Հովհաննիսյանը, իսկ Կապանի Արծվանիկում նիստն անցկացվեց առանց հանձաժողովի քարտուղար Անտոն Իվչենկոյի: Ըստ զրուցակցիս` իրենց ընտրատարածքում դեռեւս նման դեպք չէր եղել, որ ՏԸՀ-ի նիստերն անցկացվեն առանց հանձնաժողովի նախագահի: Ինչպես նշված է ընտրական օրենսգրքում` նիստը պետք է անցկացվի նախագահի կողմից, բայց միեւնույն ժամանակ հանձնաժողովի բացակա նախագահի կամ անդամների համար օրենսգրքով ոչինչ չի նախատեսվում:
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց, որ իր բացակայությունը պայմանավորված էր առողջական խնդիրներով եւ չհասցրեց ներկա գտնվել նիստին: «Բացի այդ հիմիկվա ընտրական օրենսգրքով առաջին նիստը կորցրել է իր կարեւորությունը բոլոր տեսանկյուններից, գործող ընտրական օրենսգրքով, կարող եմ ասել, այն ֆորմալ բնույթ է կրում: Ընտրական օրենսգրքի խախտում չի արվել մեր կողմից, եւ օրենսգրքի համաձայն` հանձնաժողովների նախագահներին փոխարինում են քարտուղարները: Հավաստիացնում եմ, որ մեր բացակայությունը որեւէ կերպ չի կարող ազդել ընտրական գործընթացի վրա, եւ փետրվարի 11-ին եւ 12-ին մենք անպայման տեղում կլինենք եւ մեր գործառույթները առավելագույնս պատշաճ ձեւով կկատարենք: Առաջին նիստին մեր բացակայությունը չի անդրադառնալու ընտրությունների ազատ եւ արդար անցկացման վրա եւ հավաստիացնում եմ, որ նշված գյուղերում կկայանան 100 տոկոսանոց պատշաճ ձեւով կազմակերպված եւ արդար ընտություններ», – պարզաբանեց զրուցակիցս:
Մեղրու Կուրիս գյուղում, բացի «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչից, հանձնաժողովի առաջին նիստին մասնակցելու չէին եկել նաեւ ՕԵԿ-ից եւ ԲՀԿ-ից:
ՕԵԿ-ի Կապանի տարածքային կազմակերպությունից «Առավոտին» փոխանցեցին, որ իրենց ներկայացուցիչը` Աշոտ Ահարոնյանը, նիստին ներկա չի գտնվել ճանապարհի անանցանելիության պատճառով եւ կես ճանապարհից ստիպված վերադարձել է, բայց մյուս գյուղերում անցկացվող նիստերին ՕԵԿ-ի անդամների մասնակցությունն ապահովվել է: ԲՀԿ-ից նույնպես հավաստիացրել են, որ իրենց ներկայացուցիչ Վարսինե Մովսիսյանը ճանապարհի անանցանելիության պատճառով է բացակայել նիստից, մեքենան այդպես էլ չկարողացավ գյուղ հասնել եւ ճանապարհից կրկին ետ են վերադարձել ու դրա մասին տեղյակ է պահվել հանձնաժողովի քարտուղարին:
ՀՅԴ-ի տեղական կառույցից էլ ասացին, որ իրենց ներկայացուցիչները ներկա են գտնվել բոլոր նիստերին` այդ թվում նաեւ Կուրիսում:
Սյունիքի մարզում մի շարք համայնքներ տանող ճանապարհներն անանցանելի են, որոշներն էլ` խիստ դժվարանցանելի: Իսկ մայրուղու Սիսիանից-Կապան ընկած ճանապարհահատվածը տեղ-տեղ դժվարանցանելի: Երեկ ուշ երեկոյան նկատեցինք, որ Սիսիանի եւ Գորիսի ճանապարհահատվածները մշակված են աղով եւ ավազով, իսկ Կապանի ճանշին ձեռնարկության կողմից սպասարկվող Գորիսից-Կապան ընկած ճանապարհահատվածում աղ ու ավազի որեւէ հետք չէր նկատվում, վարորդները հավաստիացնում էին, որ այն ընդհանրապես մշակված չի եղել: Ճանապարհին կային կանգնած մի քանի մեքենաներ, իսկ մեզ հանդիպած միակ աշխատող տեխնիկան անորակ էր կատարում իր աշխատանքը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ